Հայ դատի հանձնախմբի սատարած թեկնածուների ավելի քան 95%ը հաղթել է ընտրություններում
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի սատարած թեկնածուների ավելի քան 95%ը տեղ է ստացել ԱՄՆ Կոնգրեսում։ Հաղթողների ցուցակում է նաեւ Ռոբերտ Դոլդը՝ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի նախկին հանապետական ղեկավարը։
«Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի համար ուրախալի է ԱՄՆ-ում հայ ընտրողների հնարավորությունների մեծացումը։ Հատկապես նման բարձրմրցակցային շրջանում», – հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Ըստ նրա՝ կազմակերպությունը զգալի ներդրում է ունեցել բազմաթիվ թեկնածուների հաղթանակում, որոնք հատուկ հետաքրքրություն են ներկայացնում ամերիկահայերի եւ Ամերիկայի ընկերների համար: Բացի դրանից, հավելել է Համբարյանը, կազմակերպությունն արդեն պատրաստվում է 2016 թ. կայանալիք ընտրական գործընթացին:
ԱՄՆ-ի հայերը տեղեկացրել էին երկրի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին մասնակցության մասին՝ Facebook սոցցանցի իրենց էջում «Ես քվեարկել եմ» մակագրությամբ լուսանկարները տեղադրելու շնորհիվ:
Նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ում տեղի են ունեցել Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի միջանկյալ ընտրություններ: Ընտրվել են 36 սենատոր եւ 435 պատգամավոր: Ընտրությունների արդյունքներով երկու պալատների վերահսկողությունն էլ անցել է հանրապետականների ձեռքը: