«Նուռ-La GRENADE-GRANAATAPPEL». նոր հայկական ամսագիր Բելգիայում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/11/0151.jpg)
Բելգիայում 2014թ. հունվարից սկսվել է հրատարակվել «Նուռ-La GRENADE-GRANAATAPPEL» խորհրդանշական անվամբ եռալեզու ամսագիրը: Հիմնադիրն է բելգիաբնակ մեր հայրենակից Գագիկ Բալասանյանը: Այն հրատարակում է HAÏQ asbl (Արթուր Նիկողոսյան) ընկերությունը: Լույս են տեսել առաջին երկու համարները՝ հայերեն, ֆրանսերեն, հոլանդերեն լեզուներով:
Ամսագրի գլխավոր խմբագիրն է Սյուզան Քանանյանը, ում հետ խոսել է «Նիդերլանդական օրագիրը»:
Բելգիայում, նաև հարևան երկրներում ամսագրի լույս ընծայումը հայության և օտարների շրջանում աշխուժություն է առաջ բերել: Ինչպես նշում են Նիդերլանդներում բնակվող ամսագրի ընթերցողներ Գրիշա Հարությունյանն ու Հակոբ Մուրադյանը, այն բավականին հետաքրքիր ձևավորում ունի և հաճելի է ընթերցելու համար: Արծարծվող նյութերն էլ արդիական են, զգալի մասը՝ նվիրված Հայոց պատմական անցքերին, մեծ հաղթանակներին ու Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
«Նուռ-La GRENADE-GRANAATAPPEL» հանդեսը կարելի է ձեռք բերել Բենելուքսի ռուսական և հայկական խանութներից ու որոշ գրախանութներից, ինչպես նաև բաժանորդագրության միջոցով: