Կահիրեում տեղի է ունեցել եգիպտահայկական մշակութային երեկո
Եգիպտոսում Հայ Դատի հանձնախմբի և հայ մշակութային «Հուսաբեր» կազմակերպության նախաձեռնությամբ «Հուսաբեր» ակումբում տեղի է ունեցել եգիպտահայկական մշակութային երեկո:
Այս մասին տեղեկանում ենք «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջից: Միջոցառման ժամանակ Կահիրեում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանն իր ելույթում անդարադարձել է հայերի և եգիպտացիների միջև հարաբերություններին, ամուր կապերին, որոնք ոչ միայն դարավոր անցյալ ունեն, այլ նաև զարգացման մեծ հեռանկարներ: Նա անդրադարձել է վերջին տարիներին երկու երկրների միջև համագործակցության բարենպաստ արդյունքներին: Դեսպանը նշել է, որ այս ամենի հետ մեկտեղ Եգիպտոսի և Հայաստանի միջև գոյություն ունի քաղաքական ամբողջական փոխըմբռնում: Դեսպանը նշել է, որ երկու երկրների արդի հարաբերություններն ամուր հիմքեր ունեն, որոնց խթանիչ ուժը եգիպտահայ գաղութի և եգիպտացիների միջև աղջունելի ու սերտ բարեկամությունն է:
«Շատ քաջալերող և ողջունելի լուր էր, որ Եգիպտոսի համալսարանը որոշել է իր հարկի տակ հայկական ուսումնասիրությունների կենտրոն բացել, որովհետև այստեղ կարելի է հայության քաղաքական և մշակութային կյանքին վերաբերող բազում ուսումնասիրություններ կատարել՝ այդպիսով ավելի սերտացնելով երկկողմանի հարաբերությունները: 2007թ. ի վեր այս կենտրոնը արդյունավետ գործում էր, սակայն 2013թ. ապրիլից տարօրինակ պայմաններում նրա աշխատանքները դադարեցվել էին: Իսկ ներկայիս կենտրոնի վերաբացման որոշումը ցուցանիշ է կառավարության և եգիպտացիների կողմից եգիպտահայության ու Հայաստանի հետ հարաբերության նկատմամբ գոյություն ունեցող մեծ հետաքրքրության ու նրանց կարևորության»,- նշել է դեսպանը՝ ավելացնելով, որ վերջին շրջանում նկատելի է հայության, մասնավորապես Հայ Դատի և 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության նկատմամբ եգիպտացիների մեծ հետաքրքրությունը: Օսմանցիների իրագործած ոճրի պատճառով հայերն ապաստան են գտել նաև Եգիպտոսում, որը մեծապես օժանդակել է հայերին, ինչի համար հայությունը մշտապես երախտապարտ պետք է մնա Եգիպտոսին:
Միջոցառմանը ներկա էին դեսպաններ, պետական պաշտոնյաներ, Եգիպտոսի բանակի բանբեր գնդապետ Մուհամմադ Սամիրը, Տեղեկատվության նախկին նախարարը, Մարդու իրավունքների ազգային խորհրդի նախագահը, եգիպտական կուսակցությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ և պաշտոնական հյուրեր: