Հարյուր տարի առաջվա մեր համաքաղաքացիները. թուրք հոդվածագրի անդրադարձը

3.000 տարուց ավելի պատմություն ունեցող, հելլենիստական, հունական, բյուզանդական և օսմանյան քաղաքակրթությունների հանգրվան եղած այս քաղաքում եթե հողին դիպչեք, պատմություն կհորդի: Իզմիթի վերին թաղամասերում եթե շրջեք, ձեզ 100 տարի առաջվա օսմանյան քաղաքում կզգաք, սակայն այժմ այդ զգացողությունը քիչ-քիչ անհետանում է. գրում է «Օզգյուր Քոջաելի»պարբերականի թուրք հոդվածագիր Ալի Գյունդողդուն:

Իզմիթցի լուսանկարիչ Ֆահրի Սեյրեքի՝ ծովից քաղաքն արած լուսանկարն ուշադիր զննելիս Աքրաքոջա, Օրհան, Հաջի Հասան, Վելի Ահմեթ, Չուքուրբաղ թաղամասերի նրբաճաշակ շինություններն ու առանձնատները մեկ առ մեկ կհաշվեք, գրում է նա և հավելում. «Նույն կետից եթե այսօր նայեք, կտեսնեք, որ 60-70 տարի առաջ գոյություն ունեցած այդ տները մեկ առ մեկ վերացել են»:

Թուրք հոդվածագրի հոդվածը՝ ստորև.

«Ինչո՞ւ: Իհարկե անտերությունից: Տարիների ընթացքում ինչքան տներ այրվեցին ու քանդվեցին, և ոչ ոք տեր չեղավ:

Իզմիթի պատմության պահպանության համար տարիներ շարունակ ինքս ինձ եմ տանջում, սակայն այժմ տեսնում եմ, որ պատմություն չի էլ մնացել:

Այժմ ցանկանում եմ ներկայացնել նախկին մի քանի իզմիթցիների.

Ազար Ազարյանի հուղարկավորությունը

Հին Իզմիթում մուսուլմանների չափ այլադավան իզմիթցիներ էլ կային: Նրանք էլ ծնվել ու մեծացել էին Իզմիթում:

Այս լուսանկարն արվել է 1917թ.-ին: Հանգուցյալ Ազար Ազարյանի հուղարկավորության արարողությունն է: Հայկական սովորույթների համաձայն՝  հուղարկավորելուց առաջ հանգուցյալի դեմքը բաց է լինում: Հիմա կհարցնեք՝ դիակի կողքին լուսանկարվո՞ւմ են: Դե հիմա պատահել է, և այդ լուսանկարը հասել է մինչև մեր օրերը:

Մաքրամաքուր իզմիթցի մի ընտանիք

Այս լուսանկարն Իզմիթի ով գիտի, թե որ թաղամասում է արվել: Անգամ չգիտենք, թե ովքեր են պատկերված այս լուսանկարում: Գեղեցիկ մի պարտեզի մեջ է: Այն ժամանակ մաս-մաքուր, հանդարտ Իզմիթում լուսանկարչական խցիկի առջև այս դիրքով լուսանկարվողներից այժմ կենդանի մնացողներ կա՞ն արդյոք:

Օհաննես Մամյան

Իզմիթի ամենաունևոր անձնավորություններից հայ Օհանես Մամյանն ու ընտանիքը՝ մանղալի վրա սուրճ պատրաստելիս: 1914թ.-ին: Այս ընտանիքի թոռներն այժմ Աստված գիտի, թե աշխարհի որ անկյունում են: Արդյոք այս լուսանկարը նրանք ունե՞ն»…

Scroll Up