Արա Թորանյան. Կիսել ցա՞վը, թե՞ վերականգնել արդարությունը

NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է Արա Թորանյանի հոդվածը՝ տպագրված  «Nouvelles d’Arménie» ամսագրում:

«Ընդհանուր ցավի» հայեցակարգը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից խուսափելուն միտված թուրքական դիվանագիտության վերջին փոխակերպումը, հզոր հարված ստացավ Փարիզում Հասան Ջեմալի վերջին երկու ասուլիսներում: Ցեղասպանությունը կազմակերպած եռյակի անդամներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռն արձագանքել է Անկարայի առաջարկին, այն է՝ Մեծ պատերազմում հայերի եւ թուրքերի ցավը հավասարացնել Ցեղասպանությունը ճանաչելու ցանկությամբ, ինչը հայերի ցավը կիսելու միջոց է:

Ամեն դեպքում,ցավի վերաբերյալ այս քննարկումը մի փոքր տարօրինակ է: Ինքնստինքյան հասկանալի է, որ թուրք, ինչպես նաեւ շատ այլ քաղաքացիական անձինք են տուժել Առաջին աշխարհամարտում: Ինչպես գերմանացիները Երկրորդ աշխարհամարտում, հատկապես վերջում: Ոչ ոք դա չի ժխտում: Սակայն թուրքերի  եւ հայերի տառապանքները համաչափ ներկայացնելու փորձերը ակնհայտ շեղեղ մանեւրներ են: Այս թակարդը ոչ մեկի աչքից չի վրիպում:

1915 թ.  մարդկության դեմ հանցագործությունը միայն դժբախտության աղբյուր չէ: Այն հատուցում եւ իրավունքներ է պահանջում: Բացի այդ էլ, հայ ժողովրդի ցավը կամ դրա բացակայությունը հենց իրեն է վերաբերում: Հայ ժողովուրդն արձագանքի կարիք չունի: Նա ոչ թե արցունք է պահանջում, այլ արդարություն: Կարեկցությունը չի կարող փոխհատուցմանը փոխարինել: Զոհերին կարեկցելու ժամանակներն անցել են: Հանուն նրանց հիշատակի պայքարն է մնացել: Դա ներառում է  պայքար հանուն Հայաստանի պաշտպանության, հանուն ԼՂՀ ազատության, հանուն Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման եւ հանուն հայերի նկատմամբ արդարության: Խղճալու ժամանակաշրջանը վաղուց է անցել: Մենք անկնկալում ենք Թուրքիան տեսնել քաղաքական մի հարթությունում, որը կապված է տարածաշրջանում արդարության եւ խաղաղության հետ:

Scroll Up