Տեր Զօրի Եւ Սուրիո արաբացած հայերը` լուսանկարիչ Պաղտիկ Գույումճյանի ոսպնյակով

Լուսանկարիչ Պաղտիկ Գույումճյանը կպատմե, թե պատանի տարիքին խորապես ազդվելով իր մեծ հոր ու մեծ մոր ապրած Ցեղասպանության արհավիրքի սարսափազդու հիշողութենեն, 1980-ական թվականներեն սկսյալ կնվիրվի լուսանկարչական արվեստին, արխիվագրելու` հայկական գաղութներու մեջ Ցեղասպանության ոգեկոչման ձեռնարկներու ընթացքին տեղի ունեցող արդարության եւ Հայ դատին նվիրված բողոքի ժողովրդային հավաքները: Լիբանանի քաղաքացիական պատերազմը, սակայն, պատճառ կհանդիսանա, որ հեռանա իր ծննդավայրեն եւ հաստատվի Փարիզ: Վկայվելե ետք «Նյու Յորք ֆոթոկրաֆի արթ ինսթիթիուտ»-են ամբողջովին կնվիրվի լուսանկարչության: 2005-ին, Եղեռնի 90-ամյակին առիթով, լրագրող Քրիսթին Սիմեոնի հետ կհրատարակե «Deir-es-Zor» գիրքը, որուն նախաբանը կգրե հանրածանոթ պատմաբան Իվ Թեռնոնը: Գիրքը կհրատարակե ֆրանսական ծանոթ «աքթ սյուտե հրատարակչատունը, հովանավորությամբ Ֆրանսայի ամենանշանավոր ձայնասփյուռի կայանին` «Ֆրանս ինթեր»-ին: «Deir-es Zor»-ը կբաղկանա 125 էջերե, որոնք լուսանկարներու եւ յուրահատուկ պատմողական ոճով գրված բնագրով կներկայացնեն Հայոց ցեղասպանության զանազան վերապրողներ, ըլլան անոնք Տեր Զօրի անապատին, Հալեպի կամ Պուրճ Համուտի հայկական ծերանոցին մեջ: Այս տարի, Պաղտիկ Գույումճյան, պահելով Քրիսթին Սիմեոնի բնագիրը, լուսանկարներու հավելումով Մոնրեալի մեջ կվերահրատարակե «Deir-Zor»-ը` անգլերեն թարգմանությամբ, որ կբաղկանա 143 էջերե:

Պաղտիկ կպատմե, թե ինչպես տարիներ առաջ, երբ խոստումին համաձայն, իր հայրը Տեր Զօր կտանի, որպեսզի ան անապատին մեջ հաղորդվի իր նահատակ մեծ հոր ու հարազատներուն խորհուրդով, կորոշե՛ հայտնաբերել ոչ թե Ցեղասպանության ընթացքին զոհվածները, այլ` Եղեռնը վերապրողները:

Ին՞չ կփնտռեիր Տեր Զօրի անապատին մեջ եւ ինչու՞:

– Ցեղասպանությունը ինքնությանս կազմավորման մեջ մեծ դեր ունեցած է: Ցեղասպանությունը թեեւ ծնողներուս կողմե ինծի փոխանցված հիշողություն մըն էր, սակայն Ցեղասպանության որպես հետեւանք` օտար երկրի մը մեջ ծնած ըլլալս մեծ դեր խաղացած է կյանքիս մեջ, որպեսզի ժամանակին մեջ ետ երթամ ու որոնեմ Ցեղասպանության մնացորդացը` որպես շոշափելի եւ տեսանելի դաշտ իմ ինքնությունս բացատրելու, փրկելու այն, ինչ որ տակավին կմնա որպես փաստ Ցեղասպանութենեն, եւ զայն փոխանցելու հաջորդ սերունդներուն, որպեսզի լավապես կարենան ըմբռնել, թե իսկապես ի՛նչ էր Տեր Զօրը: Կուզեի՛ Տեր Զօրի անապատին մեջ գտնել եւ փրկել հիշողությունը այն վերապրողներուն, որպեսզի լուսանկարներու միջոցով կարենամ տեսողական եւ շոշափելի օրինակներ արխիվագրել հառաջիկա սերունդին համար, անկախ պատմական այն գիրքերեն, որոնք ամբողջ պատմություն մը կփոխանցեն ջարդի եւ տեղահանության: Իմ նպատակս ջարդը ներկայացնելը չէր, այլ ջարդին որպես հետեւանք` անապատին մեջ տակավին համեցող հետքերը: Իմ լուսանկարչական արխիվագրումս հետքերու արխիվագրում մըն է, որպեսզի օտարին ներկայացնեմ իրողության վավերական փաստերը:

Ինչպե՞ս կպատկերացնեիր Տեր Զօրը եւ ի՞նչ հայտնաբերեցիր հոն:

– Տեր Զօրը կպատկերացնեի հսկա անապատ մը, ուր տեղի ունեցած է 1915-ի Եղեռնը: Որոշեցի երթալ եւ հայտնաբերել այն բոլոր վայրերը, ուր տեղի ունեցած է մեծ սպանդը եւ որոնել մեզ չարչարող մեծ տագնապը բացատրող շոշափելի փաստեր եւ փրկել զանոնք կորուստե: Ինչու՞ այս մեկը կշեշտեմ: Որովհետեւ հայերս չունինք Օշվիցի նման պահպանված շրջան մը, որ ժամանակին դիմաց որպես վավերականություն կրնա դիմանալ: Օրինակի համար, Շետտետեն, ուր ջարդ տեղի ունեցած է եւ ժամանակին մինչեւ Մարկատեի հայտնաբերումը եղած է ուխտատեղի, այսօր կորուստի առջեւ կգտնվի, որովհետեւ հոն հայտաբերված են քարյուղի հանքեր եւ շրջանը վերածված է զինվորական գոտիի: Բնակիչներեն միայն ծերերը գիտեն իսկական ջարդի վայրերը, որոնց մահեն ետք հավանաբար այդ հիշողությունն ալ անհետանա: Ուստի այդ հիշողությունը լուսանկարելը ու ջարդի վայրերուն ճգրիտ տեղերը պատմության հանձնելն ու զանոնք կորուստե փրկելը իմ արվեստիս գլխավոր հրամայականը դարձավ, որպեսզի նաեւ այս ուղղությամբ հրավիրեմ մարդոց ուշադրությունն ու գիտակցությունը:

Այս աշխատանքը հսկա աշխատանք մըն է, ուրկե՞ սկսար:

– Պեյրութ ապրած տարիներուս արդեն կնկարեի ոգեկոչման հանդիսություններ եւ վերապրողներ: Սակայն Ֆրանսա հաստատվելես ետք միայն իսկապես հասկցա, թե ի՛նչն էր զիս մղողը այդ աշխատանքը կատարելու, ուստի 1996-97 թվականներուն կատարեցի զանազան ճամբորդություններ դեպի հայկական գաղութներ` լուսանկարելու վերապրողները եւ ապրիլյան ձեռնարկներ, որպեսզի Ցեղասպանության հարյուրամյակին հրատարակեմ ալպոմ մը, համագաղութային փանորամա մը, որ ցույց տա, թե Ցեղասպանութենեն մեկ դար ետք հայերը ինչպե՛ս կապրի՛ն եւ ի՛նչ մնացած է Ցեղասպանութենեն ու ինչպե՛ս կկատարվի անոր փոխանցումը: Իսկ 2001-են ետք ձեռնարկեցի Տեր Զօր ճամբորդություններս, ուր զանազան շրջաններու մեջ գտա իսլամացած վերապրողներ, որոնք տակավին կգիտակցեին իրենց հայ ըլլալուն: Լուսանկարեցի զանոնք ու անոնց հիշողությունը ներկայացուցի գրքիս մեջ, որուն առաջին տարբերակը լույս տեսավ 2005-ին: Ծննդավայրիս մեջ միշտ օտար զգացած եմ եւ այդ օտարության զգացումը եկած է Ցեղասպանութենեն, ու հավանաբար այդ էր, որ մղեց զիս, որ չհոգնիմ որոնելե, չդադրիմ փնտռելե ինքնությանս մաս կազմող կորսվող իրականությունը:

Տեր Զօրի մեջ քու հանդիպած բազմաթիվ վերապրողներու պատմություններեն ի՞նչ կրնաս մեզի պատմել:

– Անապատին մեջ հանդիպեցա Ապտալլա Թալալ անունով վերապրողի մը, որուն իսկական անունը Հակոբ Տողրամաճյան էր եւ բնիկ ուրֆացի էր: Ցեղասպանության ընթացքին Հակոբին մայրը վախնալով, որ զավակը պիտի չդիմանա անապատի չարչարանքին, զայն կհանձնե արաբ ընտանիքի մը: Տարիներ ետք Հակոբին ողջ մնացած մայրը, իր համառ փնտռտուքին շնորհիվ կգտնե իր զավակը, սակայն ուշ էր… ուշ էր այն իմաստով, որ Հակոբ իսլամացած էր եւ արդեն` ամուսնացած: Մայր եւ զավակ կշարունակեն իրենց հարաբերությունները եւ Հակոբ իր զավակներեն մեկուն խնամատարությունը կհանձնե իր խորթ եղբոր, որպեսզի իր շառավիղներեն առնվազն մեկը հայ մեծնա:

Հետաքրքրականը այն է սակայն, որ երբ այս պատմությունը համացանցին վրա տեղադրեցի, Հալեպի մեջ բնակող երիտասարդ մը` Հակոբ Տողրամաճյան անունով, կապվեցավ հետս ու ի հայտ եկավ, որ նույնինքն Հակոբ Տողրամաճյանի եղբոր թոռն էր:

Պաղտի՛կ, կատարած այս ճամբորդություններեդ եւ գրքի հրատարակութենեն ետք ի՞նչ ահազանգ կուզե՛ս հնչեցնել:

– Գիտեք, յուրաքանչյուր ապրիլ ամսվան ընթացքին, զանազան ուխտագնացություններ կկատարվին այս վայրերը: Դժբախտաբար այդ ուխտագնացությունները չեն վերածվիր աճյուններուն նկատմամբ գործնական նախաքայլեր առնելու առիթներու: Այս մեկը կնշեմ` մեկնած այն իրողութենեն, որ շրջանի բնակիչները եկամուտի եւ շահի աղբյուրի վերածած են հայտնաբերված ոսկորները եւ զանոնք կվաճառեն զանազան այցելուներու: Արդյոք պետք չէ՞ մտահոգվինք այս երեւույթով: Չէ՞ որ անոնք աճյուններն են մեր պապերուն: կկարծեմ, որ հատուկ հավաքական գիտակցությամբ պետք է փրկենք զանոնք կորուստե ու պահպանենք որպես վավերական փաստերը Ցեղասպանության: Այս բոլորեն անկախ, զիս տագնապեցնողը իսլամացած վերապրողներու հարցն է, որոնցմե շատերը կգիտակցին իրենց ինքնության: Այս վերապրողներեն շատերը իրենց բնակավայրերուն մեջ մերժված են իրենց շրջապատեն, իսկ մեր կողմե ալ կմնան անծանոթ: Ինչպե՞ս վարվիլ այս մարդոց հետ: Ին՞չ ընել: Արդյոք կրոնը որպես մեզ անջատող պատնե՞շ պետք է ընդունինք ու մերժենք զանոնք, թե՞ պետք է տեր կանգնինք անոնց ողբերգական ճակատագրին ու առնվազն չմերժենք ու գիտակցինք անոնց գոյության:

Լուսանկարիչ Պաղտիկ Գույումճյանին հետ մեր զրույցը կավարտի՛` զանազան տագնապալից հարցերու առջեւ դնելով մեզ, սակայն անոր «Deir es Zor»-ը կմնա վավերական փաստը անապատին, որուն ավազին վրա տակավին դրոշմված կմնան Ցեղասպանության անժխտելի փաստերը:

ՍՈՆԻԱ ԱՃԵՄՅԱՆ

«Ազդակ»

Scroll Up