Սփյուռքահայ ոսկերիչները հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/10/Untitled-138.jpg)
Հոկտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Արդյունաբերության զարգացման հիմնադրամի և Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախաձեռնությամբ կայացած «Հայաստանը` տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն» ներդրումային համաժողովի մասնակիցներին:
Նախարարը ջերմորեն ողջունեց տարբեր երկրներից ժամանած հայտնի ոսկերչական և ժամագործական ընկերությունների ներկայացուցիչներին և բարձր գնահատեց հայ ոսկերչության հարուստ ավանդույթները շարունակելու ու զարգացնելու նրանց ջանքերը: Հրանուշ Հակոբյանը կարևորեց Հոկտեմբերի 27-ին «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու հաջող գործարկումը, որ կարող է ոչ միայն նոր ենթակառուցվածք և աշխատատեղեր ստեղծել Հայաստանում, այլև երկիրը դարձնել համաշխարհային ոսկերչական ոլորտի առանցքային դերակատարներից մեկը:
Գերատեսչության ղեկավարը ներկայացնեց նախարարության գործունեությունը և իրականացրած ծրագրերը, կարևորեց սփյուռքի ինքնակազմազկերպումը և մասնագիտական ընկերակցությունների դերը համազգային հիմնախնդիրների լուծման գործում: Նա մասնաորապես ասաց. «Հայ ոսկերիչները 23 տարի եղել են հայրենիքի հետ և մասնակցել հայաստանի տնտեսության զարգացմանը, իսկ վերջին մի քանի տարիներին՝ համախմբվելով Հայ ոսկերիչների համաշխարհային միության և նրա շնորհալի ղեկավարի՝ Գագիկ Գևորգյանի շուրջ, փորձում են Հայաստանը դարձնել տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն: Ես երազում եմ, որ ձեր ջանքերի շնորհիվ Հայաստան աշխարհի բոլոր հատվածներում ստեղծվեն և ծաղկեն հայկական ավանդական մասնագիտության՝ ոսկերչության կենտրոններ, Ձեր ամեն մի նոր ձեռնարկով դուք ապացուցում եք, թե ինչպես կարող են հայ մասնագետները կազմակերպվել և նպաստել հայրենիքի առաջընթացին»:
Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի արդյունքներին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվելիք միջոցառումներին հայ ոսկերիչների մասնակցությանը: Նախարարը բարձր գնահատեց Հայ ոսկերիչների հիմնադրամի կողմից Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի ազգագրության ինստիտուտում 2015թ. կազմակերպվելիք ցուցահանդեսը:
Ինստիտուտի ավագ գիտաշխատող Լուսինե Ղուշչյանը տեսաշարով ներկայացրեց այն ցուցանմուշները, որոնք ձեռք 1916թ. Հայոց ցեղասպանությունից, մշակութային եղեռնից հետո Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդի աջակցությամբ նշանավոր կովկասագետներ Ն. Մառի, Հ. Օրբելյանի և Ա. Միլլերի գլխավորած գիտարշավի ընթացքում: Նրանք 6 ամսում հավաքեցին և Ռուսաստան բերեցին հայկական մշակույթի տարբեր ոլորտներն ու շերտերը ներկայացնող 4 հավաքածուներ: Լ. Ղուշչյանը նշեց, որ նշանավոր գիտնականները տեղափոխել ու փրկել էին այնպիսի մշակութային արժեքներ, որոնք բնորոշում են հայ ժողովրդի ազգային առանձնահատկությունները և հայ ոգու ու տեսակի դռները բացող բանալիներ են: Ցուցահանդեսում ներկայացվելու են ամբողջ հավաքածուից ընտրված 200-ից ավել ցուցանմուշներ:
Համաժողովի մասնակիցները դիտեցին Սփյուռքի նախարարության ծրագրերի վերաբերյալ ֆիլմ:
Հյուրերին ողջունեցին Հանրային ռադիոյի «Արևիկ» անսամբլը, Երևանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի «Կռունկ» պարային համույթը: