«Հայկաշեն Ուզունյան» մրցանակաբաշխությունը յուրօրինակ կամուրջ է Հայաստանի և Սփյուռքի միջև

Հոկտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Թեքեյան մշակութային միության» հրավերով մասնակցեց «Հայկաշեն Ուզունյան»`հայագիտության և գրականության ոլորտում ներկայացված լավագույն աշխատանքների համար  մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ:

Բացման խոսքով հանդես եկավ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Շնրհավորելով հեղինակներին փայլուն աշխատանքի համար՝ նա մասնավորապես նշեց. «1966 թվականից հայ մտավորականության լավագույն ներկայացուցիչներին շնորհվում է «Հայկաշեն Ուզունյան մրցանակը, որը սահմանել է սփյուռքահայ նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ Հայկաշեն Ուզունյանը: Այն մեր ամենաերկարակյաց մրցանակն է, որը ստեղծվել է սփյուռքի ստեղծագործողների համար՝ առանց գաղափարական, կուսակցական և դավանանքի խտրականության»:

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհավորելով հեղինակներին գրքերի լույսընծայման կապակցությամբ՝ նա մասնավորապես նշեց. «Հայկական բարեգործական ընդհանուր միության, Ռամկավար ազատական կուսակցության, Թեքեյան մշակութային միության հեղինակավոր ղեկավարի անունը կրող «Հայկաշեն Ուզունյան» մրցանակաբաշխությունը յուրօրինակ ջերմությամբ է ընկալվում Հայաստանում և Սփյուռքում՝ ստեղծելով յուրօրինակ կամուրջ Հայսստանի և սփյուռքի միջև: Այսօր նրա դուստրերը՝ Թալին և Անի Ուզունյանները, արժանապատվորեն շարունակում են Հայկաշեն Ուզունյանի սկսած գործը»: Նախարարը նաև բարձր գնահատեց Թաթուլ Յակոբյանի՝ «Հայեացք Արարատէն, Հայերը և  Թուրքերը» աշխատությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին:

«Հայկաշեն Ուզունյան» մրցանակին արժանացան Թաթուլ Յակոբյանի «Հայեացք Արարատէն, Հայերը և  Թուրքերը»,  Սուրեն Սարգսյանի՝ «Արմէնիա պարբերականը ազատագրական գաղափարախոսության ակունքներում» և Սարգիս Խաչենցի «Ուիլյամ Շեքսպիր» աշխատությունները:

03 02

Scroll Up