Նոր հրատարակություն. «Նեղություն պատճառող Ցեղասպանություն Մը. Այսօր ո՞վ կհիշե հայերը»
Ա. Համաշխարհային պատերազմի շուրջ մնացած ամենեն վիճելի հարցումը` «Հայոց ցեղասպանություն տեղի ունեցա՞ծ է» սուր կերպով պիտի հնչե, երբ 24 ապրիլ 2015-ին հայերը աշխարհի տարածքին նշեն օսմանյան թուրք կառավարության ձեռքով 1,5 միլիոն հայերու սպանության 100-ամյակը: Թուրքիա կշարունակե հերքել, թե այդպիսի բան տեղի ունեցած է, իսկ եթե տեղի ունեցած է, ապա անիկա արդարացված էր:
Այս մեկը միջազգային կարեւոր հարցի մը վերածված է: Աշխարհի տարբեր երկիրներու քսան խորհրդարաններ ճանչցած են Ցեղասպանությունը, սակայն Մեծն Բրիտանիա երկդիմի քաղաքականություն կվարե այս հարցին նկատմամբ: Ավստրալիո մեջ երեք նահանգային կառավարություններ ճանչցան Ցեղասպանությունը (հակառակ Կալիփոլիի ոգեկոչումին երեսփոխաններու մասնակցությունը արգիլելու սպառնալիքներու), սակայն Ապպոթի կառավարությունը թուրքերուն ըսած է, որ Ավստրալիան Ցեղասպանությունը չի ճանչնար:
Ճեոֆրի Ռապըրթսըն (թագուհիի խորհրդական) այս մտայնությունը կատե՛: Անոր «Նեղություն պատճառող ցեղասպանություն մը. այսօր ո՞վ կհիշե հայերը» գիրքը հաստատ կերպով կփաստե, որ 1915-ի ահավոր դեպքերը, որուն ականատես եղած են պատերազմին գերեվարված ավստրալիացի զինվորները, մարդկության դեմ ոճիր մըն է, որ այսօր ծանոթ է իբրեւ ցեղասպանություն: Ան այս գիրքին մեջ կբացատրե, թե ինչպե՛ս ժողովրդավարական երկիրներ կրնան ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարիլ` առանց խոսքի ազատությունը մերժելու, եւ մեծ նպաստ բերել բոլոր ոճիրներու հոռեգույնը հասկնալուն եւ կանխարգիլելուն: Ռապըրթսըն կդատապարտե, Սրի Լանքայեն մինչեւ Սուտան, հին Անատոլվեն մինչեւ արդի Կազա, բոլոր անոնց, որոնք կփորձեն մանուկներու եւ քաղաքացիներու զանգվածային սպանդը արդարացնել հանուն ռազմական կարիքի:
Ճեոֆրի Ռապըրթսըն մարդկային իրավանց փաստաբան մըն է եւ ՄԱԿ-ի մեջ պատերազմական ոճիրներու դատավոր մը: Ան մասնակից էր զորավար Փինոշեին եւ Հեյսթինկզ Պանտայի դատավարությանց, ինչպես նաեւ` Սատտամ Հյուսեյնը դատած դատավորներու մարզումին: Անոր «Մարդկության դեմ ոճիրներ» գիրքը ներշնչած է համաշխարհային արդարության շարժումը, ան նաեւ հեղինակն է մեծ գնահատանքի արժանացած «Արդարության խաղը» հուշերուն եւ «լրատվամիջոցներու օրենքե դասագիրքին: Ռապըրթսըն Լոնտոնի համալսարանի Քվին Մերի քոլեճի այցելու դասախոս է: Այս մասին կհաղորդե Լիբանանի «Ազդակ» օրաթերթը: