Երբ վարարում է լույսը, խավարը տեղի է տալիս (լուսանկարներ, տեսանյութ)

Լույս առավոտի,

Փոթորկված է դարն ու դարը՝ ահեղ,

Իմ տագնապները զարթնում գիշերով, փոխվում են լացի,

Եւ սակայն քե՜զ եմ իմ շրթունքներին ես նորից պահել,

Հավատում եմ ես քո առեղծվածին…

Մեր ժողովրդի համար հանգիստ ժամանակներ չեն եղել, հազարամյա ընթացքի՝ անընմեջ պատերազմների, պայքարի ու պաշտպանության հորդահոս և խառնակ հարյուրամյակներից պոկած խաղաղ տասնամյակներին այնքան բան է կառուցել ու ստեղծել, որ ուսումնասիրելու, ըմբռնելու և պեղելու համար նորից հարյուրամյակներ են պետք։ Եթե կառուցելն ու ստեղծելը արյանդ մղումն  են և հոգուդ պարտքը, ուրեմն պետք է կառուցես, այնքա՜ն գեղեցիկ, որ դողա քանդողի ձեռքը, այնքա՜ն շատ, որ քանդելով չվերջանա, հարատևի՝ որպես խարազան քանդողի դեմքին, որպես ինքնատիպության դրոշմ՝ աշխարհին ի ցույց։ Եվ երբ քո հայրենիքում ամեն մի կտոր հողը կառույցներով է զարդարված, իսկ կառուցելու վարարումը դադար չի կարողանում առնել, ողողում է նաև օտար ափեր։

«Ուր հայտնվում են երեք հայ, եկեղեցի են կառուցում, դպրոց բացում և սկսում թերթ հրատարակել»։ Կրասնոդարը այս ասված և բազմիցս հաստատված խոսքից դուրս չի մնում…Երկու եկեղեցի, երկու կիրակնօրյա դպրոց, թերթ, ամսագիր… սակայն այն, ինչ կատարվեց վերջերս, դա արդեն մի քայլ առաջ էր այս ընդհանուր գծակարգից…

Երբ փորձում ես կառչել սրընթաց կյանքի փեշերից, հասկանում ես, որ կա միայն պահը և պահերի գունագեղ շղթայում է ստեղծվում շոշափելին, կարևորը, հարատևը։ Իսկ այդ հարատևը այս անգամ չորսհարկանի տուֆակերտ շենքն է՝ անսասան կանգնած Կրասնոդարի կենտրոնական թաղամասերից մեկում՝ Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի Առաջնորդարանի և Առաջնորդանիստ սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հարևանությամբ։ Շենքը արդեն բովանդակություն ունի՝ «Վարդանյան կրթամշակութային կենտրոն», այստեղ արդեն գործում են «Նարեկ» պարի համույթը և «Արմատ» կիրակնօրյա դպրոցը։ Նույն այս շենքում տարվում են հանրակրթական տարրական գիմնազիայի ստեղծման աշխատանքներ։ Դասարանները կենտրոնում կահավորված են կրթության ժամանակակից պահանջներին համապատասխան, իսկ 250 տեղանոց համերգային դահլիճը հիացնում է իր գեղագիտական ոճով ու գունա-ձայնային սարքավորումների բարձր որակով։

Բայց սա դեռ բոլորը չէ, այս ամենից քիչ հեռու ծավալվում են բետոնապատ մեծածավալ կառույցի նախահիմքեր՝ ապագա Մայր Տաճարի։

Օրը Կրասնոդարի երկնակամարի հայկական հատվածում բացվեց մի քիչ անհանգիստ, սպասումներով ու ակնկալիքներով, ուրախ ու հանդիսավոր։

Պատմական օրվա խորհուրդը ծավալվում էր քայլ առ քայլ, նախ եկեղեցում հնչեց աստվածահաճո Պատարագ, ապա թեմի առաջնորդ գերաշնորհ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանի ձեռամբ օրհնվեցին Մայր Տաճարի հիմքերը, հետո հոծ բազմությունը շարժվեց դեպի կրթամշակութային կենտրոնի շենք։ Ժապավենը կտրելու ընդունված արարողության իրավունքը բարերար պարոն Վարդան Վարդանովին էր։ Մովսես Սրբազանի խոսքերը հնչում էին որպես աղոթք, պատվիրան, հետայսու ապրելու և գործելու ծրագիր։

Երկրորդ հարկի «Մեծ Մհեր» «Ուրարտու» և «Խաչքար» դասարաններում ուսուցիչներ Երազիկ Հարությունյանի, Մեքսիդա Մադոյանի և Արշալույս Երեմյանի ցուցումներով աշակերտները հավաքվել էին վերջնական փորձի, իսկ «Նարեկ» համույթի փորձասենյակում, գեղարվեստական ղեկավար Աննա Մոսինյանի ղեկավարությամբ, պարողները հագնում էին իրենց տարազները։  Երրորդ հարկի պերճաշուք դահլիճում երիտասարդները տեղավորում էին, նստատեղերի թիվը շատ անգամ գերազանցող  հանդիսատեսներին, իսկ նախաբեմի կախարդական թվացող լույսերի տակ իր շնորհավորանքի խոսքն էր սկսում կենտրոնի տնօրեն Տ. Սարգիս Թաշջյանը։ Այսպիսին էր միջօրեի ամենապատասխանատու պահը հայկական աշխարհի այս միջօրեականում։ Իսկ հետագա բոլոր պահերը լիցքավորեցին մանուկների և պատանիների երգ ու պարով, երգչուհի Իննեսա Կոծինյանի ու հաղորդավարներ Անի Միրումյանի ու Բորիս Ավետիսյանի մեկնաբանություններով։

Հայաստան աշխարհ, այնքա՜ն փոքր, որ կարող ենք տեղավորել մեր հոգում, այնքան մե՜ծ, որ տիեզերքի արժեք ունի մեզ համար, այնքան թա՜նկ, որ նրան կորցնելուց հետո էլ ոչի՜նչ չենք ունենա կորցնելու, այնպե՜ս չքնաղ ու հավերժ, ինչպես բնությունն ինքը։    Ինչքան շատ ենք ստեղծում, այնքան ավելի շատ ենք դողում կորցնելու համար, այնքան ավելի անսասան պետք է լինենք մեր հավատի, մեր հայրենասիրության և մեր ապրելու և կայանալու ճանապարհին։

Եվ ինչ էլ լինի, հավերժության իր երթն է շարունակելու Հայաստան աշխարհը… Փա՜ռք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր հետք են թողնելու այդ լուսավոր երթում։

Երազիկ Հարությունյան

ք. Կրասնոդար

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed

Scroll Up