Իսպանիայում ՀՀ դեսպանը Վալենսիայի քաղաքապետի հետ քննարկել է հայկական եկեղեցի կառուցելու հարցը

Հոկտեմբերի 15-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպումներ ունեցավ Իսպանիայի Վալենսիա նահանգի նախագահ Ալբերտո Ֆաբրայի և Վալենսիա քաղաքի քաղաքապետ Ռիտա Բարբերայի հետ: Այս մասին հաղորդում են ԱԳՆ լրատվական կենտրոնից:

Ալբերտո Ֆաբրայի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները, մասնավորապես` տնտեսության ու տուրիզմի բնագավառներում և տեղական կառավարման մարմինների միջև: Պայմանավորվածություն ձեռք բերվեց սկսել համապատասխան աշխատանքներ Վալենսիայի առևտրի նախարարության հետ՝ երկու կողմերի գործարարների շփումները աշխուժացնելու և համատեղ առևտրային պալատ ստեղծելու նպատակով:

Քաղաքապետ Ռիտա Բարբերայի հետ հանդիպմանը քննարկվեց Վալենսիայում հայ եկեղեցի կառուցելու համար համապատասխան հողատարածք հատկացնելու հնարավորությունը:

Վերոհիշյալ հանդիպումների ընթացքում քննարկումներ եղան նաև հասարակական տարբեր գործընթացներում Վալենսիա նահանգում բնակվող հայ համայնքի ներգրավվածության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ:

Scroll Up