«Հագուստ Սիլվիայից» հագուստների պատրաստման սրահի հիմնադիր-տնօրեն, բարերար Սիլվա Չաքմաքչյանին հանձնվեց ՀՀ քաղաքացու անձնագիր
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/10/3-1.jpg)
Հոկտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկաբնակ գործարար, աշխարհահռչակ «Հագուստ Սիլվիայից» հագուստների պատրաստման սրահի հիմնադիր-տնօրեն, բարերար Սիլվա Չաքմաքչյանին:
Սիլվա Չաքմաքչյանը ծնվել է Բեյրութում, ընտանիքի հետ 1946-1947թթ. մեծ հայրենադարձության տարիներին տեղափոխվել Հայաստան, իսկ 19 տարեկանում մոր հետ տեղափոխվել Միացյալ Նահանգներ:
33 տարեկանում հիմնելով սեփական գործը՝ «Հագուստ Սիլվիայից» (Silvia’s Costumes) ընկերությունը՝ սկսել է հագուստներ կարել հայտնի արտիստների, երգիչների, մշակութային ճանաչված գործիչների համար և 30 տարի շարունակ ապահովում է ամերիկյան շոու-բիզնեսի ներկայացուցիչների փայլն ու շքեղությունը՝ հանդիսանալով ոլորտի հանրահայտ դիզայներների վստահելի ու լավագույն գործընկերը:
Բարձր գնահատելով Սիլվա Չաքմաքչյանի գործունեությունն ու ձեռքբերումները՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Հեռավոր Ամերիկայում քրտնաջան աշխատանքի շնորհիվ ձեռք բերելով անուն ու համբավ, սիրելի՛ Սիլվա, դու չմոռացար քո այն հայրենակիցներին, ովքեր տեղափոխվում են ԱՄՆ մշտական բնակության: Օգնում ես Լոս Անջելեսի հայ համայնքին և եկեղեցուն: Ձեռք ես մեկնում նաև Հայաստանի սոցիալապես անապահով բնակչությանը՝ հագուստ և օգնություն ուղարկելով»:
Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Սիլվա Չաքմաքչյանի օգնությունը հատկապես Հայաստան տեղափոխված սիրիահայերին:
Աշխատակիցների բարձր ծափողջույնների ներքո ՀՀ սփյուռքի նախարարը Սիլվա Չաքմաքչյանին հանձնեց Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու գործում ցուցաբերած աջակցության համար՝ Սիլվա Չաքմաքչյանը նշեց, որ իր օգնությունը հայ համայնքին և Հայաստանի բնակչությանը շարունակական է լինելու:
«Իզուր չէ, որ դու արժանացել ես բազմաթիվ մրցանակների՝ այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի կողմից, – նշեց նախարարը՝ հավելելով, – դու երկու փայլուն զավակների մայր ես, լավագույն ընկեր ու մարդ»:
Հանդիպման ավարտին մասնակիցները հոտնկայս ունկնդրեցին «Հայաստան» երգը: