Արաքս Մանսուրյանն իր սաների միջոցով նվեր կմատուցի եղբորը՝ Տիգրան Մանսուրյանին

Երգչուհի Արաքս Մանսուրյանն ու իր չինացի, հույն և ավստրալացի սաները համերգներ են նվիրելու կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ: Համերգներից առաջինը կայանալու է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում` այսօր: Տենոր Ջիանգ Հոնգշինը, կոլորատուր սոպրանո Ջեորջիա Կոկկորիսը, սոպրանո Ռիան Սաունդերսը երգելու են միայն հայերեն: Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արաքս Մանսուրյանը: 

«Ցանկացա, որ իմ եղբոր տարեդարձի առթիվ ելույթ ունենան իմ սաները: Նրանք մրցույթների դափնեկիրներ են: Ինձ համար մեծ և պատասխանատու գաղափար էր»,- ասաց Ա. Մանսուրյանը:

Նա նշեց, որ իր սաները մեծ ուրախությամբ են ընդունել առաջարկությունը, նույնիսկ Հայաստան գալու համար իրենց տոմսերը գնել են հենց իրենք:

Նա հայտնեց, որ Երևանում կայանալիք համերգը երկու բաժնից է կազմված՝ վոկալ շարք, երկրորդ բաժնում՝ Կոմիտաս: Հոկտեմբերի 18-ին Ստեփանակերտում կայանալիք համերգին հնչելու է եվրոպական արիաներ, նաև Մանսուրյան:

«Ես այստեղի համերգի ընթացքում ելույթ չեմ ունենա: Ծրագիրը հայերեն է, բոլորի հետ նստած տեղից պետք է երգեմ: Ինչպես երգեմ այդքանից հետո: Ստեփանակերտում մեկ երգ կկատարեմ»,- ասաց նա:

Ասուլիսին ներկա էին նաև Ա. Մանսուրյանի սաները: Նրանք նշեցին, որ իրենց համար կարևորն այն է, որ իրենք Արաքս Մանսուրյանի հետ են, երկրորդ՝ շփվում են տարբեր մշակույթի, լեզվի հետ:

«Մեզ համար մեծ նվեր է կարողանալ մեկնաբանել հայկական երաժշտությունը»,- նշեցին նրանք՝ հավելելով, որ Կոմիտասի, Մանսուրյանի երաժշտությունը ցուցադրական չէ, այն արյան կանչ է:

Ջիանգ Հոնգշինը նշեց, որ հայերենը դժվար լեզու է:

«Ամեն անգամ երբ երգում եմ Մանսուրյան, փշաքաղվում եմ»,- ասաց նա:

Նրանք արդեն տեսել են Երևանը, գնալու են Գառնի, Գեղարդ: Ռիանը շատ էր ուզում գնալ Սևան, սակայն ժամանակ չունեն: Ազգային կերակուրները խենթացրել են նրանց:

Նշենք, որ այսօր Արաքս Մանսուրյանը դասավանդում է Սիդնեյում՝ Ավստրալիական երաժշտության ինստիտուտում` օտարազգիներին ծանոթացնելով հայկական երգարվեստի հետ։

«Քննության ժամանակ իմ սաներն անպայման Կոմիտաս պետք է կատարեն»,- ասաց նա:

Համերգների հասույթը հատկացվելու է հիվանդ երեխաների բուժմանը: Ա. Մասնուրյանն ասաց, որ նաև Սիդնեում են համերգ կազմակերպել, ինչպես նաև Զակոս ընտանիքի, Փոլա և Վազրիկ Հովհաննիսյանի կողմից գումար է նվիրաբերվել Հայաստանում հիվանդ երեխաներին օգնելու համար:

Scroll Up