Թուրք գրող. Ներողություն չեմ խնդրում, որովհետև հանցանքը ներողությունով ծածկել հնարավոր չէ

Գերմանաբնակ, ազգությամբ թուրք Էրդալ Շահինի «1915 -ի դահճի փոխակերպում» գիրքը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, որտեղ հեղինակը նաև իրեն է մեղավոր ճանաչում հայերի դժբախտ էջի համար: Հրավիրված մամուլի ասուլիսին նա ընդգծեց, որ իրենք ևս մեղավոր են Հայոց ցեղասպանության մեջ, քանի որ թույլ են տվել, որ այն տեղի ունենա, հաղորդում է Tert.am-ը:

«2009-2010թթ-ին ես առիթ եմ ունեցել մասնակցելու բեռլինյան մի ժողովի, որտեղ հույները և հատկապես հայերը մոտենալով մեզ ասացին՝ դուք ձեզ վատ մի զգացեք, դուք մեղք չունեք, ձեր պապերն են արել: Ես ասացի՝ եթե ես համապատասխան կեցվածք չեմ ընդունում, կարծիք չեմ ասում, նշանակում է ես էլ եմ շարունակում ցեղասպանությունը, ես նրանցից կտարբերվեմ միայն այն դեպքում, եթե քայլ անեմ: Ես չեմ տարբերվի ոճրագործից, եթե լռում եմ, գործով պետք է զանազանվեմ»,- ասաց նա։

Այս գիրքը լույս է տեսել երեք լեզուներով՝ գերմաներեն, թուրքերեն ու հայերեն: Ինչպես բացատրեց հեղինակը՝ գերմաներեն գիրքը Գերմանիայում բնակվող թուրք հասարակության համար է, որ կարդան ու առերեսվեն իրենց պատմության հետ, ինչ-որ բան փոխեն մտածելակերպի մեջ:

«Թուրքերենը՝ թուրքալեզու համայնքի համար է, որ Թուրքիայում հնարավորինս շատ մարդ կարդա ու հարևան ժողովրդի ցավը կարողանա ընկալել: Ես ուզեցա, որ գիրքը նաև հայերեն լույս տեսնի, որ հայ ժողովուրդն էլ իմանա թեկուզ քիչ թվով, բայց կան մարդիկ, ովքեր իրենց հոգու ճիչն են արձակում»,- ասաց նա:

Էրդալ Շահինին նշեց, որ ներկայումս մարդկանց մեծամասնությանը չի հետաքրքրում այս հարցերը, նրանք իրենց համար ընտրել են մի ուղի ու չեն տեսնում իրականությունը:

«Այս գրքով ես ներողություն չեմ խնդրում հայ ժողովրդից, որովհետև հանցանքը ներողությունով ծածկել հնարավոր չէ: Պետք է ինչ-որ մի բան անել, այլապես կկրկնվի այս հանցանքը, գիրքը պարզապես մարդկային ճիչ է: Ուզում եմ մարդկանց ասել, որ յուրաքանչյուրը մի բան պետք է անի, որ կյանքը դառնա ավելի արդար»,- ասաց նա:

Scroll Up