Տեղի ունեցավ հայ բարերարների հանդիպումը իրենց աջակցությամբ Հայաստանի բուհերում սովորող ուսանողների հետ

Հոկտեմբերի 8-ին, «Անի» պլազայի Անի սրահում Հայ կրթական հիմնարկության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ բարերարների հանդիպումը իրենց աջակցությամբ Հայաստանի բուհերում սովորող ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, բարերարներ՝ Հայ կրթական հիմնարկության խորհրդի նախագահ Ալ Գաբալոֆը կնոջ՝ Դայանայի հետ, 2013թ. հիմնարկության խորհրդի նախագահ Հերմինե Պախանյանը, Սավի Թուֆենկյանը, Հակոբ և Սարգիս Շիրվանյանները, Հելլի և Ռաֆիկ Խաչատուրյանները, Ալիս Պետրոսյանը, Ջորջ Իսայանցը, Շեյլա Պապայանցը, Սուսան Վարդանյանը և այլք:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Ոզում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր բարերարներին, որովհետև հացից հետո թիվ մեկ  խնդիրը կրթությունն է, սա ասել է մեծերից մեկը: Եվ կարծում եմ՝ հայ ժողովուրդը ի ծնե սիրել է սովորել, կրթվել և ցանկացացած հայ ծնող երազում է իր երեխային համալսարանում տեսնել:

Այսօր մեր երկրում շատ համալսարաններ կան, և այդ համալսարաններում շատ ուսանողներ ունեն ուսման վարձի վճարման խնդիր: Ես ուրախ եմ որ այստեղ ելույթ ունեցողները հասկացան, երախտապարտ ու շնորհակալ եղան այն բարերարներին, որոնք իրենց ուսման վարձը վճարում են: Եկեք ասենք շնորհակալություն, սիրելի՛ բարերարներ:

Մեծերից մեկը ասել է. «Մեծ խելքի առջև խոնարհում եմ գլուխս, իսկ մեծ սրտի առջև` ծունկս»:

Սփյուռքահայը գործում է իր հոգու կանչով, իր մեծ սրտի, իր մեծ հոգու շնորհիվ: Անում է հանուն իր Հայրենիքի, հանուն իր ժողովրդի: Որովհետև ինքը իր ծնողներից այդպես է սովորել: Եվ, հետևաբար, մենք պետք է շնորհակալ լինենք, որովհետև իրենք թողած իրենց տունը, տեղը, եկել են Հայաստան, եկել են՝ մեզ օգնելու, դպրոց բացելու, ուսանող ֆինանսավորելու, մանկապարտեզ բացելու:

Սփյուռքը Հայաստանի կողքին է երկրաշարժի օրերից, Հայրենիքի հետ էր արցախյան պատերազմի ժամանակ, Սփյուռքը Հայրենիքի հետ է, երբ մենք կառուցում ենք երկու հայկական հանրապետություն՝ ազատ անկախ Հայաստանի Հանրապետությունը և ազատ ու անկախ Արցախը:

Հայ կրթական հիմնարկության մասին ես վաղուց գիտեմ: Ինձ համար շատ սիրելի, պատվելի անձնավորություններ կան այս հիմնարկության ակունքներում: Այս փոքրիկ հիմնարկությունը տարեկան 100 հազար դոլարի չափ նվիրատվություն է անում մեր Հայրենիքում: Մեր հայրենակիցները, մեր հայ բարերարները, Սփյուռքում ապրող մեր տաղանդավոր մարդիկ ապրում են մեր մեծերի երեք պատվիրաններով:

Առաջինը՝ Մեծարենցի «Տո՛ւր ինձի՛ Տե՛ր, ուրախություն անանձնական» խոսքերն են: Այսօր նրանք ուրախանում են ձեր ուրախություններով, ձեր հաջողություններով:

Երկրորդ՝ նրանք ապրում են Թեքեյանի պատգամներով. «Կյանքում ինձի ինչ մնաց, ինչ որ տվի ուրիշին, տարօրինակ այս միայն»: Մեր բարերարները ձեզ տալով ու նվիրելով հավերժորեն մնում են ձեր հոգում, պատմության մեջ:

Եվ վերջապես կարծում եմ, դուք նաև ապրում եք Թումանյանի պատգամով. «Գործն է անմահ, լավ իմացեք, որ խոսվում է դարեդար, երնեկ նրան, ով իր գործով կապրի անվերջ, անդադար»:

Ելույթ ունեցան Հայ կրթական հիմնարկության անդամները, բարերարներ, ուսանողներ: Հնչեցին երախտագիտության ու շնորհավորանքի խոսքեր:

Scroll Up