Տեղի Ունեցաւ Հայ Բարերարներու Հանդիպումը Իրենց Աջակցութեամբ Հայաստանի Համալսարաններ Յաճախող Ուսանողներու Հետ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/10/01149-300x225.jpg)
Սեպտեմբեր 8-ին, «Անի» պլազայի Անի սրահին մէջ Հայ կրթական հիմնարկութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ հայ բարերարներու հանդիպումը իրենց աջակցութեամբ Հայաստանի համալսարաններուն մէջ ուսանողներուն հետ: Հանդիպման կը մասնակցէր ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան, բարերարներ` Հայ
կրթական հիմնարկութեան խորհուրդի նախագահ Ալ Կապալոֆը կնոջ` Տայանայի հետ, 2013թ. հիմնարկութեան խորհուրդի նախագահ Հերմինէ Պախանեան, Սաւի Թուֆէնկեան, Յակոբ եւ Սարգիս Շիրվանեաններ, Հելլի եւ Ռաֆիկ Խաչատուրեաններ, Ալիս Պետրոսեան, Ճորճ Իսայեանց, Շէյլա Պապայեանց,
Սուսան Վարդանեան եւ այլք:
Ողջունելով ներկաները` ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան մասնաւորապէս նշեց. «Ուզում եմ խորին շնորհակալութիւն յայտնել մեր բարերարներին, որովհետեւ հացից յետոյ թիւ մէկ խնդիրը կրթութիւնն է, սա
ասել է մեծերից մէկը: Եւ կարծում եմ` հայ ժողովուրդը ի ծնէ սիրել է սովորել, կրթուել եւ ցանկացացած հայ ծնող երազում է իր երեխային համալսարանում տեսնել:
Այսօր մեր երկրում շատ համալսարաններ կան, եւ այդ համալսարաններում շատ ուսանողներ ունեն ուսման վարձի վճարման խնդիր: Ես ուրախ եմ որ այստեղ ելոյթ ունեցողները հասկացան, երախտապարտ ու շնորհակալ եղան այն բարերարներին, որոնք իրենց ուսման վարձը վճարում են: Եկէք ասենք շնորհակալութիւն, սիրելի՛ բարերարներ:
Մեծերից մէկը ասել է. «Մեծ խելքի առջեւ խոնարհում եմ գլուխս, իսկ մեծ սրտի առջեւ` ծունկս»:
Սփիւռքահայը գործում է իր հոգու կանչով, իր մեծ սրտի, իր մեծ հոգու շնորհիւ: Անում է յանուն իր Հայրենիքի, յանուն իր ժողովրդի: Որովհետեւ ինքը իր ծնողներից այդպէս է սովորել: Եւ, հետեւաբար, մենք պէտք է
շնորհակալ լինենք, որովհետեւ իրենք թողած իրենց տունը, տեղը, եկել են Հայաստան, եկել են` մեզ օգնելու, դպրոց բացելու, ուսանող ֆինանսաւորելու, մանկապարտէզ բացելու:
Սփիւռքը Հայաստանի կողքին է երկրաշարժի օրերից, Հայրենիքի հետ էր արցախեան պատերազմի ժամանակ, Սփիւռքը Հայրենիքի հետ է, երբ մենք կառուցում ենք երկու հայկական հանրապետութիւն` ազատ անկախ Հայաստանի հանրապետութիւնը եւ ազատ ու անկախ Արցախը:
Հայ կրթական հիմնարկութեան մասին ես վաղուց գիտեմ: Ինձ համար շատ սիրելի, պատուելի անձնաւորութիւններ կան այս հիմնարկութեան ակունքներում: Այս փոքրիկ հիմնարկութիւնը տարեկան 100 հազար տոլարի չափ նուիրատուութիւն է անում մեր Հայրենիքում: Մեր հայրենակիցները, մեր հայ բարերարները, սփիւռքում ապրող մեր տաղանդաւոր մարդիկ ապրում են մեր մեծերի երեք
պատուիրաններով:
Առաջինը` Մեծարենցի «Տու՛ր ինծի՛ Տէ՛ր, ուրախութիւն անանձնական» խօսքերն են: Այսօր նրանք ուրախանում են ձեր ուրախութիւններով, ձեր յաջողութիւններով:
Երկրորդ` նրանք ապրում են Թէքէեանի պատգամներով. «Կեանքում ինծի ինչ մնաց, ինչ որ տուի ուրիշին, տարօրինակ այս միայն»: Մեր բարերարները ձեզ տալով ու նուիրելով յաւերժօրէն մնում են ձեր հոգում, պատմութեան մէջ:
Եւ վերջապէս կարծում եմ, դուք նաեւ ապրում էք Թումանեանի պատգամով. «Գործն է անմահ, լաւ իմացէք, որ խօսւում է դարէ դար, երնէկ նրան, ով իր գործով կ’ապրի անվերջ, անդադար»:
Ելոյթ ունեցան Հայ կրթական հիմնարկութեան անդամները, բարերարներ, ուսանողներ: Հնչեցին երախտագիտութեան ու շնորհաւորանքի խօսքեր: