Հայաստան-Վրաստան. Տասնամյակներով անփոփոխ օրակարգ

Հոկտեմբերի 6-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի եռօրյա պաշտոնական այցը Վրաստան: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Վրաստանի հայ համայնքի լրատվական կենտրոնից, Պաշտոնական այցի առաջին իսկ օրը Գալուստ Սահակյանը հանդիպում է անցկացրել վրացի գործընկերոջ` Վրաստանի Խորհրդարանի նախագահի հետ:
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև պատմական փոխհարաբերությունները և կապերի զարգացման հետագա հեռանկարները: Ուշադրություն է հատկացվել ինչպես առևտրատնտեսական համագործակցության տարբեր ասպեկտներին, այնպես էլ մշակույթի բնագավառի կոնկրետ հարցերին: Կողմերը պայմանավորվել են երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացման անհրաժեշտության մասին: Խոսակցությունը նաև վերաբերել է Հայաստանի և Վրաստանի Խորհրդարանների միջև համագործակցության ակտիվացման հարցերին, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում: Հայաստանի Խորհրդարանի նախագահի խոսքերի համաձայն` ծայրահեղ կարևոր է այն փոաստը, որ մեր երկրները միջազգային մակարդակում փոխադարձ աջակցություն են ցուցաբերում:
Հանդիպման ընթացքում կողմերը նաև ուշադրություն են հատկացրել տարածաշրջանում գոյություն ունեցող խնդիրներին և նշել են, որ այդ հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով», -ասված է Վրաստանի Խորհրդարանի մամլո-ծառայության կողմից տարածած հայտարարությունում:
Երկկողմ հանդիպման ավարտին Հայաստանի և Վրաստանի Խորհրդարանների նախագահների կողմից անցկացվել է համատեղ մամլո ասուլիս, որի ընթացքում կողմերը կայացած բանակցությունների ամփոփում են անցկացրել:
«Հայաստանի և Վրաստանի ապագան այնքան նեղ է կապված միմյանց, որ մենք նվազագույն սխալ գործելու իրավունք էլ չունենք երկու երկրների փոխհարաբերություններում: Չնայած նրան, որ Վրաստանը կանգնել է եվրոպական ճանապարհի շեմին, իսկ Հայաստանը, ելնելով իր ռազմավարական շահերից և իրականացնելով իր ինքնիշխանության իրավունքը, պատրաստվում է մտնել Եվրասիական միություն, մեր երկրների միջև հարաբերությունները չեն վատթարանա: Ընդհակառակը: Մենք պայմանավորվել ենք, որ ավելի ակտիվ կպաշտպանենք միմյանց շահերը այդ իսկ միավորումներում:
Մենք խոսել ենք Վրաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին: Որպեսզի երկու երկրների մասնավոր սեկտորը ավելի մեծ բանի հասնի, անհրաժեշտ են ավելի շատ փոխադրամիջոցներ, ավելի շատ հաղորդակցական կապեր, անհրաժեշտ է ավելի շատ համագործակցություն էներգետիկայի բնագավառում:
Մենք խոսել ենք նաև մշակույթի բնագավառում փոխհարաբերությունների խորացման անհրաժեշտության մասին, և պայմանավորվել ենք, որ պետք է աջակցենք այն գործընթացին, որը սկսվել է երկու տարի առաջ Վրաստանի վարչապետի` Հայաստան կատարած այցի ժամանակ: Այդ հանդիպման ընթացքում եմնք որոշել ենք, որ բոլոր պատմամշակութային հուշարձանները, որոնց պատկանելությունը դեռևս վերջնականապես որոշակիացված չէ և վիճահարույց է, առաջին հերթին պետք է փրկվեն, վերանորոգվեն: Վիճահարույց կարգավիճակը չպետք է նրանց վիճակն ավելի վատացնի:
Ինչ վերաբերում է այն հարցերին, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարբեր դիրքորոշումներ, մենք պայամանվորվել ենք, որ դա լավ է, ոչ թե վատ: Դա մատնանշում է մեր հարուստ պատմությունը, հարուստ մշակույթը: Մատնանշում է երկար և հարուստ պատմությունը, որի ոչ բոլոր էջերն են դեռևս մինչև վերջ մեզ հայտնի: Նման հարցերի առկայությունը մատնանշում է մեր հարստությունը: Կարևորը, որ մենք կարողանանք այդ ամենը պահպանել, փրկել մեր ժողովրդի ու ամբողջ մարդկության համար:
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը ծրագրել է էլի բազմաթիվ հանդիպումներ, և ես համոզված եմ, որ այցելության ավարտին մենք կունենանք շատ հստակորեն համաձայնեցված գործողությունների ծրագիր մեր երկու երկրների և խորհրդարանների փոխհարաբերությունների վերաբերյալ», -ամփոփելով Հայաստանի Խորհրդարանի նախագահի հետ հանդիպման արդյունքները` հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին:
Վրաստանի Խորհրդարանի այցելություններից անմիջապես հետո Հայաստանի Խորհրդարանի նախագահն ուղևորվեց Վրաց եկեղեցու Պատրիարքարան, որտեղ բանակացություններ անցկացրեց վրաց Պատրիարքի հետ:
«Ցանկանում եմ ողջունել Ձեզ վրացական եկեղեցու անունից: Այն պատմական հարաբերությունները, որոնք առկա են Հայաստանի և Վրաստանի միջև, շարունակվում են մինչ օրս: Շատ կարևոր է, որ մեր եկեղեցիների միջև հաստատված է եղբայրական և իմաստուն փոխհարաբերություններ: Մենք բարձր ենք գնահատում ձեր մշակույթը: Վրաստանը և Հայաստանը քրիստոնեական օազիս են, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր եղբայրական հարաբերությունները չընդհատվեն», -ողջունելով Գալուստ Սահակյանին` հայտարարել է վրաց պատրիարք Իլյա Երկրորդը:
«Քրիստոնեական արմատները մեր պետության հիմքն են, և մենք շարունակում ենք այդ ամենի ժառանգորդն ու շարունակողը մնալ: Մշակութային և կրոնական փոխհարաբերությունները պետք է խորացվեն և մենք պետք է նրանց նոր խթան հաղորդենք: Հայաստանի համար շատ կարևոր է այն հայկական մշակութային ժառանգությունը, որը գտնվում է ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ուզում եմ Ձեր ուշադրությունը հատկացնել Վրաստանի տարածաշրջանում պահպանված հայկական մշակութային ժառանգության վրա և խնդրել Ձեզ, որպեսզի Վրաստանում հայկական եկեղեցիներն առնեք Ձեր հովանու ներքո», -հայտարարել է Գալուստ Սահակյանը: