Հրանտ Դինքի այրին դերսիմահայերին կոչ է արել չվախենալ արմատներին վերադառնալուց
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/09/01247.jpg)
Շվեյցարիայի Լոզան քաղաքում «Հայ Դերսիմ» խորագրով անց է կացվել Դերսիմի հայերին զորակցության օր Դերսիմի հայերի նկատմամբ կիրառված ցեղասպան քաղաքականության և նրանց ներկա վիճակի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Միջոցառման ժամանակ ելույթներով հանդես են եկել դերսիմահայերի ընկերության ներկայացուցիչներ Ստեֆան Ջեմ Հալավուրթը և Ռոբեր
Ռեջեփ Քայանը, ովքեր նշել են, որ Հրանտ Դինքի` սեփական կյանքն արժեցած հավատն ու կեցվածքը մեծապես ոգեշնչել են Դերսիմի հայերին: Նրանք ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ 1915 թվականից առաջ և հետո դեսիմահայերի հետ տեղի ունեցածը իսկական ցեղասպանություն է եղել: Կարևորելով տարածաշրջանում եկեղեցիների, վանքերի ու դպրոցների վերանորոգման աշխատանքները` Հալավուրթը հայտնել է, որ իրենց առաջիկա ծրագրերի թվում են կրոնական դասընթացներ սկսելը և Դերսիմի կենտրոնում եկեղեցի կառուցելը:
Միջոցառման մասնակիցներից Հովսեփ Սեյրանին փաստել է, որ ցեղասպանությունն այսօր էլ շարունակվում է տարբեր ձևերով: Նրա համոզմամբ` անցյալից մնացած հետքերի ու մշակույթի ոչնչացմանն ուղղված ջանքերը ևս ցեղասպանությունը ուղեկցող գործողություններ են:
Իր խոսքով ներկաներին է դիմել միջոցառմանը ներկա Ռաքել Դինքը` Հրանտ Դինքի այրին, ով դերսիմահայերին կոչ է արել չվախենալ սեփական արմատներին վերադառնալու գաղափարից: «Միայն այդպես հնարավոր կլինի հասարակության ներսում նպաստել իրականության հետ առերեսվելուն: Մեկս մյուսիս ավելի մտերմացնողը մեր ընդհանուր ցավերն են»,- ասել է Ռաքել Դինքը:
Միջոցառմանը կատարումներով են հանդես եկել երգչուհի Հասմիկ Հարությունյանը, աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: