Ստամբուլում հայկական համայնքին տարածքներ են վերադարձվել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/09/01205.jpg)
Թուրքիայի հիմնադրամների գլխավոր խորհուրդը որոշում է կայացրել շուրջ 42 հազար քառակուսի մետր տարածք վերադարձնել հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, հայկական համայնքին վերադարձված տարածքի մեջ է մտնում նաև Ստամբուլի Զեյթինբուրնուի մարզադաշտը:
Հայկական գույքը հիմնադրամին վերադարձնելու վերջնական որոշումը կայացվել է 2014 թվականի հունվարի 22-ին: Սակայն
Զեյթինբուրնուի քաղաքապետարանը դատարանում բողոքարկել էր որոշումը` պատճառաբանելով, թե հայկական համայնքին տարածքը վերադարձնելու որոշումը հակաօրինական է: Այդուհանդերձ, դատարանը չի բավարարել Զեյթինբուրնուի քաղաքապետարանի հայցը` տարածքը թողնելով հայկական համայնքին:
Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն նշել է, որ ցանկանում են իրենց վերադարձված և 338 միլիոն թուրքական լիրա (մոտ 150 միլիոն ԱՄՆ դոլար) արժողությամբ տարածքն օգտագործել ամենաարդյունավետ ձևով: Շիրինօղլուի խոսքով` այդ տարածքում ամենայն հավանականությամբ կկառուցվեն առևտրի կենտրոն, հյուրանոց կամ իջևանատուն, իսկ դրանցից ստացվող եկամուտը կօգտագործվի հիվանդանոցի և համայնքի կարիքները հոգալու համար: