Վիետնամում Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն է տեղի ունեցել

Սեպտեմբերի 24-ին Հանոյի «Մելիա» հյուրանոցային համալիրի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Ընդունելությանը մասնակցում էին Վիետնամի կառավարության, նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի պատգամավորներ, Վիետնամում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, «Հայաստան-Վիետնամ» բարեկամական խմբի նախագահության անդամներ, տնտեսական, հասարակական-քաղաքական շրջանակների, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԶԼՄ-երի ղեկավարներ:

Բացման խոսքով հանդես եկավ Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը՝ ներկայացնելով անկախությունից ի վեր Հայաստանի անցած ուղին, ձեռքբերումներն ու հաջողությունները:

Անդրադառնալով հայ-վիետնամական երկկողմ հարաբերություններին՝ դեսպանը բարձր գնահատեց փոխադարձ շահերի և բարեկամության վրա ձևավորված համագործակցությունը: Դեսպան Վարդանյանը վստահություն հայտնեց, որ երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական կապերը կշարունակեն ամրապնդվել և խորանալ՝ ի շահ երկու ժողովուրդների:

Անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ելույթով հանդես եկավ Վիետնամի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դանգ Մինհ Խոյը: Բարձր գնահատելով հայ ժողովրդի ունեցած ներդրումը անկախության համար Վիետնամի ժողովրդի մղած պայքարում, ինչպես նաև երկրի կայացման և զարգացման գործում Հայաստանի և հայ ժողովրդի ունեցած ներդրումը՝ Մինհ Խոյը նշեց, որ, չնայած աշխարհագրական հեռավորությանը, երկու ժողովուրդները միշտ եղել են կողք-կողքի: Մինհ Խոյը ելույթում անդրադարձավ նաև հայ-վիետնամական հարաբերությունների վերջին զարգացումներին՝ նշելով, որ 2012թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վիետնամ նոր խթան հանդիսացավ ավանդաբար բարեկամական հարաբերությունների զարգացման և խորացման համար:

Scroll Up