Սանկտ-Պետերբուրգում Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է տեղի ունեցել
Սեպտեմբերի 22-ին Սանկտ-Պետերբուրգի հայ մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
Միջոցառմանը մասնակցեցին ՌԴ ԱԳՆ, Սանկտ-Պետերբուրգի կառավարության, Լենինգրադի մարզի իշխանությունների ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, գիտական և մշակութային հայտնի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ և այլն:
Ընդունելությանը ելույթով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով անդրադարձավ Հայաստանի անկախության 23 տարիների կարևորագույն իրադարձություններին: ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայացրեց միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ ՀՀ մոտեցումները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության համատեղ ջանքերը:
Իր ելույթում Հրայր Կարապետյանը կարևորեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ամբողջ առաջադեմ մարդկության կողմից դատապարտող դիրքորոշումներ հնչեցնելու կարևորությունը՝ ապագայում նոր ցեղասպանությունները և մարդկության դեմ այլ ոճիրները կանխարգելելու նպատակով:
Միջոցառման ընթացքում ընթերցվեցին Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի, Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի և Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր ժողովի ղեկավար Վյաչեսլավ Մակարովի շնորհավորական ուղերձներն ու մաղթանքները: Ելույթներով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգի կառավարության արտաքին կապերի կոմիտեի նախագահ Եվգենի Գրիգորևը, պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին:
Միջոցառումն ավարտվեց համերգով, որի ընթացքում հնչեցին հայ և ռուս արվեստի գործիչների ստեղծագործությունները: