«Արի տուն-2014».«Սիրում եմ Հայաստանի ջերմ արևը…»

Շարունակվում է  ՀՀ սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն»  ծրագրի  7-րդ փուլի մասնակիցների այցը  Հայաստանի պատմական և տեսարժան վայրեր :  Գառնու հեթանոսական տաճար և Գեղարդավանք այցի ընթացքում  արիտունցիներից մի քանիսի հետ զրուցել է «Հայերն այսօրի» թղթակիցը:

Անահիտ Ավետիսյան, 14 տարեկան,Մոսկվա

Ծնվել եմ Երևանում և մինչև Մոսկվա գնալս սովորել եմ հայկական դպրոցում: Երեք տարի առաջ ընտանիքով տեղեփոխվեցինք  Մոսկվա, որտեղ ես  սովորում եմ 9-րդ դասարանում: Բայց այս տարի եկել եմ Հայաստան, որպեսզի քոլեջ ընդունվեմ:

Երկու օր է արդեն շրջագայում եմ  «Արի տուն» ծրագրի  հետ ու արդեն հասցրել եմ ձեռք բերել  լավ ընկերներ:  Այստեղ եմ, որպեսզի հիշեմ ու չմոռանամ իմ հայրենի պատմությունը: Շատ եմ ուզում, որ ընտանիքով մնանք այստեղ ապրելու:  Շնորհակալ եմ «Արի տուն» ծրագրի կազմակերպիչներին՝  աշխարհի տարբեր ծայրերից եկած իմ հայրենակիցների հետ շփման   հնարավորության համար :

Ազատ Մկրտչյան, 14 տարեկան , Հոլանդիա

«Արի տուն» ծրագրին մասնակցելու եկել եմ քույրիկիս` Աննա Մկրտչյանի և մեր բարեկամուհու հետ. նրա անունը նույնպես Աննա է: Ծրագրի մասին մայրիկիս պատմել է մեր բարեկամուհին, նա էլ   ինձ և քույրիկիս գրանցել է ծրագրում: Ես եկել եմ Հայաստան, որպեսզի տեսնեմ Հայաստանի պատմամշակութային վայրերը, ինձ հատկապես  հետաքրքիր է Գառնու հեթանոսական տաճարը:

Հոլանդիայում տանը միշտ հայերեն ենք խոսում, որպեսզի ես և քույրիկս հիշենք ու չմոռանանք մեր հայկական արմատների մասին: Այնտեղ բոլորը գիտեն, որ ես հայ եմ, որովհետև ես համարյա միշտ հագնում եմ հայկական դրոշի գույներով հագուստ: Ուզում եմ  Հոլանդիայում ուսում ստանամ, հետո նոր վերադառնամ Հայաստան ապրելու:

Արթուր Հովակիմյան, 13 տարեկան,  Մոսկվա

Ծրագրին մասնակցում եմ, որպեսզի ծանոթանամ մեր հինավուրց եկեղեցիների պատմությանը, սովորեմ հայերեն ավելի լավ խոսել ու գրել, և ի վերջո վայելեմ Հայաստանի ջերմ արևը: «Արի տուն» ծրագրի մասին լսել եմ համացանցից, հետո ծանոթներիցս  մեկն ավելի մանրամասը պատմեց ծրագրի մասին, ես էլ որոշեցի եղբորս` Դավիթ  Հովակիմյանի հետ մասնակցել ծրագրին:

Այստեղ, բացի նոր գիտելիքներից,  ծանոթանում եմ տարբեր երկրներից ժամանած իմ հասակակից երեխաների հետ: Արդեն ընկերացել եմ Բստոնից Արսենի հետ: Ազատ ժամանակ սիրում եմ ֆուտբոլ խաղալ : Արսենի հետ պայմանավորվել ենք մի օր միասին ֆուտբոլ խաղալ: Երազանքս է   լավ ֆուտբոլիստ դառնալ :

Արսեն Պատվականյան, 18 տարեկան,  Բոստոն

Ես ծնվել եմ Բոստոնում,  այնտեղ հաճախել եմ հայկական դպրոց: Ինչպես Գառնու տաճարի, այնպես էլ Հայաստանի այլ պատմամշակութային վայրերի մասին  սովորել եմ դպրոցում, իսկ ծրագրին մասնակցելով` ավելի ամրապնդեցի գիտելիքներս: Հայստանում ամեն ինչ ինձ դուր է գալիս, հատկապես  մարդկանց ջերմ հայացքները միմյանց բարևելիս: Հուսով եմ մյուս տարի ևս ամառային արձակուրդներս կանցկացնեմ «Արի տուն» ծրագրի հետ :

Երբ վերադառնամ Բոստոն, ընդունվելու եմ համալսարան: Ազատ ժամանակ սիրում եմ ֆուտբոլ խաղալ.  Բոստոնի հայկական ֆուտբոլային թիմի կազմում եմ հանդես գալիս :  Շնորհակալ եմ Սփյուռքի նախարարությանը նման հնարավորության համար:

 

Պատրաստեց Տաթև Դավթյանը

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed (7) unnamed (8) unnamed (9) unnamed (10) unnamed (11) unnamed (12) unnamed (13) unnamed (14) unnamed (15) unnamed

 

Scroll Up