«Արի տուն -2014». Վերադարձ ինքնությանը. «Հայ կոչվելով չէ որ հայ ես , հայ լինելու համար պետք է հայի հոգի ունենալ»

ՀՀ սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն-2014» ծրագրի 6-րդ փուլն առանձնահատուկ էր նրանով, որ այս փուլին, ի թիվս  աշխարհի 15 երկրից ժամանած հայորդիների, մասնակցում են նաև մեր պատմական մայրաքաղաքից՝ Դիարբեքիր վերանվանված Տիգրանակերտից ժամանած իսլամացած հայեր: Նրանցից մեկի՝   Գաֆուր Թյուրքայի հետ զրուցեց «Հայերն այսօրի» թղթակիցը:

-Ե՞րբ եք Ձեր ծագման մասին իմացել : Պատմե՛ք խնդրում եմ Ձեր նախնիների մասին , որտեղի՞ց են և ովքե՞ր են:

-Հայ լինելուս մասին  մանկուց  գիտեի, բայց ընտանիքս գաղտնի էր պահում մեր հայ լինելու փաստը,  և խնդրում էին , որ այդ մասին թուրքերի հետ չխոսեմ: Ծնողներս հայերեն չգիտեին, բայց  տատս ու պապս գիտեին, խոսում էին հայերեն:  Հայրս պատմում էր ,որ  տատս  նրա համար  հայերեն օրօրոցային է երգել:

Մայրական կողմի հարազատներս Սասունից են: 1915 թվականի ցեղասպանության ժամանակ նրանց մեծ ընտանիքը զոհվել է, նրանցից միայն 3 հոգի են ողջ մնացել , որոնք իջել են Սասունի ձորը, այնուհետև նրանցից մեկը  փախչում է Սիրիա , իսկ մյուս երկուսը  թուրք և քուրդ  ընտանիքների մոտ   աշխատանքի են անցնում՝  իբրև սպասավորներ: Այդպիսով  սկսում են մոռանալ  և՛ հայ լեզուն,  և՛ կրոնը: Իսկ Սիրիայում ապրողը կարողանում է  պահպանել  իր լեզուն և կրոնը, և մինչև 1945-50թթ.,  ապրում է Սիրիայում,այնուհետև տեղափոխվում  և հաստատվում է  Հայաստանում: Նա  ՝ քրիստոնյա լինելով,  հայկական ընտանիք է կազմում , իսկ այն երկուսը, որ քրդերի կողքին էին ապրում,  ընդունում են իսլամ:

Մենք հայեր էինք ,  բայց այդ փաստը, ինչպես  ասացի, թաքցնում էինք թուրքերից, բայց կային որոշ մարդիկ , որ գիտեին այդ մասին: Չնայած  մենք իսլամին էինք հետևում, բայց   ամեն անգամ  ինչ -որ խնդիրներ էինք  ունենում  թուրքերի և քրդերի հետ:

Փոքր երեխաներն  անգամ, երբ  խաղում էին մեզ հետ, և որևէ  անհամաձայնություն էր լինում, որպես վիրավորանք՝ մեզ հայ էին ասում:  Մի անգամ, երբ քրդերը մեզ «հայ» անվանեցին,  մենք ծեծեցինք նրանց,  և  երբ տուն գնացինք, մեր ծնողները նախատեցին մեզ՝  ասելով, որ պետք չէ կռվել,  երբ  ձեզ քրդերը «հայ» են  կոչում, քանի որ դուք հենց հայ եք:

Ուզում եմ մի պատմություն  ևս պատմել :

Երբ ես փոքր էի՝  7 տարեկան,  երկու քուրդ երեխաների հետ գնացինք ձմերուկ գողանալու: Այդ ձմերուկի դաշտը մի հայի էր պատկանում, ով նույնպես գիտեր իր հայ լինելու մասին : Երբ ձմերուկ գողացանք,  հայ մարդը  մեզ տեսավ: Նա շատ լավ  գիտեր , որ ես նույնպես հայ եմ, և  ինձ ծեծեց,  իսկ  քուրդ երեխաներին ոչինչ  չասաց: Այդպիսով նա փորձում էր քրդերի մոտ ավելի խորը թաքցնել իր ինքնությունը

Առաջին անգա՞մ  եք   Հայաստանում:

-Երրորդ անգամ է, որ գալիս եմ  Հայաստան , բայց առաջին անգամն  է , որ  իսլամացած հայերի հետ եմ գալիս :

-Հայաստան այցի մասին Ձեր տպավորությունների և զգացողությունների մասին կպատմե՞ ք:

-Առաջին անգամ, երբ եկա Հայաստան,  շատ հուզված էի: Հիմա նույնպես հուզվում եմ , երբ խոսում եմ Հայաստանի մասին:  Երբ առաջին անգամ եկա Հայաստան,   այցելեցի Հանրապետության հրապարակ,   և առաջին բանը, որ  անմիջապես տեսա,  Հայաստանի դրոշն էր.  Երկար ժամանակ  անշարժ  կանգնած նայում էի Հայոց եռագույնին,  և իմ կամքից անկախ  սկսեցի արտասվել:

-Ինչպե՞ս ցանկություն առաջացավ այցելել Հայաստանի Հանրապետություն :

-Մենք՝ ծպտյալ հայերս,հաճախ էինք խոսում Հայաստան գալու մասին: Եվ  որոշեցինք, որ շատ լավ կլինի գալ  և սեփական աչքերով տեսնել Հայաստանը, տեսնել իսկական ազատ ապրող հայերին: Երբ կայացրինք այդ  որոշումը,  նույնիսկ լեզուն էինք ուզում սովորել. գիտեմ հայերեն մի քանի բառ՝ «բարև», «ոնց եք», « բարի լույս», «շնորհակալություն», «ցտեսություն »:

Երբ  վերանորոգվեց Դիարբեքիրի  Սբ. Կիրակոս  եկեղեցին, որի կազմակերպիչներից եմ եղել նաև ես , առաջինը որոշեցի ինքս  մկրտվել , որպեսզի օրինակ դառնամ մյուս ծպտյալ հայերի համար : Մկրտվելուց հետո անունս դարձավ Օհանես, որ պապիկիս անունն է,  իսկ ազգանունս՝ Օհանյան :

Մենք՝ ծպտյալ հայերս,  նույնիսկ  հայկական տոներն ենք նշում՝  «Վարդավառ», «Սբ. Զատիկ»:

Ուզում եմ ասել , որ միայն  հայ կոչվելով չէ , որ հայ ես.  հայ լինելու համար պետք է հայի հոգի ունենաս և անցնես հային վայել դժվարությունների միջով:

Պատրաստեց Մերի Գևորգյանը

Scroll Up