«Սփյուռք ամառային դպրոց-2014». «Հայաստանում ոչ մեկին պետքություն չունեմ բացատրելու` թե ով եմ…». Ռիչարդ Լափաջյան

«Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի հայերենի ուսուցման դասընթացին մասնակցում են տարբեր տարիքի ու տարբեր երկրներից եկած մասնակիցներ: Յուրաքանչյուրն իր պատճառն ու պատմությունն ունի, թե ինչու է որոշել հայերեն սովորել: Այսօր մենք կծանոթանանք 54-ամյա Ռիչարդ Լափաջյանի պատմությանը.
– Ծնվել և մեծացել եմ Ուրուգվայում` Մոնտեվիդեո քաղաքում: Մեծացել եմ հայկական գաղութի մեջ, ծնողներս շատ ակտիվ մասնակցում էին գաղութի կյանքին (հայրս շատ զորավոր դաշնակցական էր), մշակութային տարբեր ձեռնարկներին: Այդ ամենի գլխավոր պատճառն այն էր, որ զորանան որպես հայ: Հայրս, մայրս Լիբանանից էին: Ոսկերիչների երկրորդ սերունդ ենք: Բայց շատ պատահականորեն, ընտրել եմ նաև մի ճամփա, որով քայլում եմ առ այսօր:
Դեռ փոքրուց նվագել եմ դհոլ, կիթառ, բայց 13 տարեկանում առաջին անգամ ձեռքս վերցրի ուդն ու արդեն 35 տարի ուդ եմ նվագում: Ինքնուս եմ, որևէ կրթություն չեմ ստացել:
Դպրոցից հետո հինգ ընկերներով` Ժոզեֆ Կարայան, Դանիել Վարդամյան, Միգել Վարդամյան, Գաբրիել Նալբանդյան և ես, ստեղծեցինք «Երևան-50» նվագախումբը, որն արդեն 35 տարվա պատմություն ունի: Խմբի բոլոր անդամներս սկաուտներ էինք, և ես շատ պատահական դարձա արվեստագետ:
Ուրուգվայի գաղութի մեջ նվագախումբը մեծ հպարտություն է: Հաճախ է նվագակցում ճանաչված հայ երգիչներին, ովքեր հյուրախաղերի են գալիս Հարավային Ամերիկա: Տարիների ընթացքում նվագախմբի կազմը փոփոխության է ենթարկվել, շատերն այլ երկրներ են տեղափոխվել, և այսօր հիմնադիրներից միայն երկուսն են մնացել: Ներկա պահին նվագախմբի տնօրենը և ղեկավարն իմ սիրելի ընկեր Միգել Վարդամյանն է:
– Իսկ դուք տեղափոխվել եք Ամերիկա ու սկսել եք ոսկերչությամբ զբաղվել: Իսկ շարունակո՞ւմ եք նվագել:
– Այո, թե պրոֆեսիոնալ, թե սիրողական մակարդակով: Ձայնագրությունների, համերգների եմ մասնակցում: Ամերիկայում բնակվող շատ երգիչների հետ եմ համագործակցել ու համագործակցում, օրինակ` Հարութ Փամբուկչյան, Արամ Ասատրյան, Հովիկ Գրիգորյան, Հարութ Խաչոյան, Հարութ Հակոբյան և այլք:
Սխալ կլինի ասել, որ արվեստագետ եմ, որովհետև մասնագիտացել եմ ոսկերչության մեջ, բայց առիթի դեպքում նվագում եմ, չեմ մոռանում: Այս օրերին Հայաստանում նույնպես մի քանի համերգների եմ մասնակցել, նվագել եմ Գաֆէսչյան կենտրունում, «Սայաթ-Նովա» անսամբլի հետ:
– Գիտեք, ինձ մի հարց է հետաքրքրում. ծնվել ու մեծացել եք հայրենիքից հեռու, բայց շատ լավ հայերեն եք խոսում: Ո՞ւմ եք պարտական` հայերենին տիրապետելու համար:
– Զարմանալի է, բայց մեր օջախում հայրս, մայրս շատ չէին խոսում հայերեն, հայրս շատ զորավոր հայերեն գիտեր, կարողանում էր գրել, բայց մեր ընտանիքում հիմնականում իսպաներեն էին խոսում: Տատիկներս, պապիկներս Ադանայից էին: Նրանք էլ թուրքախոս էին և իրենց բառապաշարում շատ թուրքերեն բառեր էին գործածում:
Երբ 24 տարեկանում տեղափոխվեցի Ամերիկա, շատ քիչ հայերեն գիտեի: Իմ առաջին տունը Հոլիվուդում էր, և մեր շրջապատում շատ հայաստանցիներ կային: Կարող եմ ասել, որ վերջին պատրաստությունս` իբրև հայ, հայաստանցիներից ստացա: Առ այսօր իմ մոտ ընկերներից շատերը հայաստանցիներ են, ինչի համար շատ հպարտ եմ: Իրավ, կան շատ տարբեր հայեր, բայց հայաստանցիները, չեմ ուզում ոչ ոքի վիրավորել, նեղացնել, ուրիշ են. և´արվեստագետները, և´ սովորական մարդիկ մի տեսակ տարբեր են: Մինչև այսօր հայկական շրջանակս շատ մեծ է: Իմ հայաստանցի ընկերներից հայերեն խոսել սովորեցի, ինձ պակասում էր միայն հայերեն գրել ու կարդալ կարողանալը: Փա´ռք Տիրոջ, այսօր համալսարանում կարողանում եմ այդ բացը լրացնել: Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել Սփյուռքի նախարարությանը, նախարար Հրանուշ Հակոբյանին, բոլոր աշխատողներին, որոնք կազմակերպում են այս ամենը: Դասընթացներն օգնում են պաշտպանել ինքներս մեզ, պաշտպանել` լեզվով, որ կարողանանք հայ մնալ:
– Փաստորեն, դա է պատճառը, որ մասնակցում եք «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրին: Հետաքրքիր է, ինչպե՞ս եք իմացել ծրագրի մասին:
– «Վերադարձ Հայաստան» («Repat Armenia») կազմակերպության տնօրեն Վարդան Մարաշլյանն իմ մոտ ընկերն է: Նա ասաց, որ շատ հետաքրքիր ծրագիր կա, որն ինձ համար կարող է շատ օգտակար լինել և կկարողանամ հայերեն գրել ու կարդալ սովորել: Եվ այսօր շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ ծրագրին, շատ ուրախ եմ, որովհետև հայաստանյան զգացումներն ինձ համար շատ կարևոր են:
Գիտեմ, որ շատ դժվարություններ կան: Բայց մի բան եմ ուզում ասել. երկիրը միայն 2-3 մարդ չի կառուցում, երկիր կառուցելը բոլոր քաղաքացիների գործն է: Ամեն մարդ պետք է մի բան անի իր հայրենիքի համար: Հատկապես հիմա` Սփյուռքը և Հայրենիքը միասին պետք է աշխատեն:
Մի բան եմ ուզում պատմել: Երբ գնում եմ Ուրուգվայ, հանդիպում եմ իմ ընկերներին: Երբ մեր խոսակցությունների ընթացքում խոսքը է բացվում հայրենիքի վիճակի մասին, ես շատ հպարտ եմ, որ բոլորն ասում են, որ մեր կառավարությունն այսպես է աշխատում, մեր պետական գործիչներն այսպես են մտածում, այսինչ գործն են անում: Նրանք ապրում են Ուրուգվայում, բայց չեն խոսում Ուրուգվայի մասին, խոսում են Հայաստանի կառավարության մասին ու Հայաստանի կառավարությունն են իրենցը համարում: Ճիշտ է, մենք Ուրուգվայից ենք, Ամերիկայից, բայց մենք մեզ 100 տոկոսով հայ ենք համարում, սա է մեր հայրենիքը, և սա է մեզ պահում, օգնում հայ մնալ: Այն հայը, սա իմ կարծիքն է, ով ոտք չի դնում հայրենիքի հողի վրա, կարող է դատել հայրենիքին, կարող է դատել այս 3,5 միլիոն քաղաքացիներին, կարող է դատել այս հողը: Բայց այդ հայը, նախևառաջ, թող գա, թող իրականության մեջ տեսնի, թե ինչ դժվարություններ կան հայրենիքում, և նոր միայն խոսի, դատի հայրենիքի մասին: Ինչպիսի պայմաններում է ապրում հայրենիքը, մեր հարևանները մուսուլմաններ են, բայց հազարամյակներ շարունակ մենք կարողացել ենք քրիստոնյա մնալ այս սուրբ հողում: Դյուրին գործ չէ հայրենիքը պաշտպանելը, և բոլոր հայերը պետք է պահպանեն, պաշտպանեն մեր երկիրը:
– Ձեր առաջի՞ն այցն է Հայաստան:
– Այո´:
– Փաստորեն, 54 տարեկանում առաջին անգամ եկել եք Հայաստան: Հետաքրքիր է, ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները, զգացողությունները:
– Պետք է սկսեմ դրական բաներից խոսել: Շատ հպարտ եմ, երբ քայլում եմ Երևանի փողոցներով, շատ հետաքրքիր զգացողություններ եմ ունենում, ինձ ապահով եմ զգում, հանգիստ: Ոչ մեկին պետքություն չունեմ բացատրելու` թե ով եմ, որովհետև հայ եմ և քայլում եմ իմ հայրենիքի փողոցներով: Ամերիկայում, Ուրուգվայում կամ այլ երկրներում, որտեղ որ ճամփորդում եմ, միշտ պետք է բացատրեմ` թե ով եմ: Ու այդ ժամանակ մոտավորապես այս երկխոսությունն է ծավալվում.
– Դու ո՞վ ես:
– Ես հայ եմ:
– Օհ, հա՞յ, որտեղի՞ց ես:
– Հայ եմ, ով ծնվել է Ուրուգվայում:
– Հետաքրքիր է, Ուրուգվայում հայեր կա՞ն:
Ու սկսում եմ պատմել, բացատրել: Այստեղ նման պետքություն չունեմ: Կարող եմ մտնել որևէ վայր ու ասել` բարև Ձե´զ, ինչպե՞ս եք, ինչպե՞ս է Ձեր անունը: Թամարա: Ուրախ եմ, Թամարա´ ջան, ես էլ պարոն Լափաջյանն եմ: Հասկանում եք, պետքություն չկա շատ բան պատմելու, բացատրելու:
Նոր եմ հայրենիքը տեսնում, ուրախ եմ նոր փողոցներ, նորակառույց շենքեր, շքեղ ավտոմեքենաներ տեսնել: Հպարտ եմ այս ամենի համար, ուրախ, որ Անկախությունից հետո որքան առաջ է գնացել Հայաստանը: Բայց սիրտս ցավում է, երբ փողոցում մուրացկաններ եմ տեսնում, տեսնում եմ, թե ինչպես են մեր պապիկները, տատիկները փող մուրում: Չէ՞ որ մենք` հայերս, այսպիսին չենք, մենք շատ հարգանքով մարդիկ ենք, խաթրով, պատվով: Մի քանի անգամ հասարակական տրանսպորտ եմ նստել, հաճույքով են տեղը զիջում պապիկներին, կանանց, բայց երբ տեսնում եմ մուրող մարդկանց` սիրտս ցավում է: Ես հավատացյալ մարդ եմ, միշտ աղոթում եմ, որ այս հարցերը լուծվեն Հայաստանում: Մեր կառավարությունից բողոքելու փոխարեն` բոլորս պետք է օգնենք, աղոթենք: Աղոթքը շատ մեծ ուժ ունի:
Այս օրերի ընթացքում Հայաստանի մի շարք վայրերում եմ եղել: Շատ եմ ցավում գյուղական շրջանների կյանքի համար: Այս մասին էլ պետք է մտածենք:
Գիտեմ, որ շատ բան է արվում հայրենիքում, բայց ավելին պետք է արվի, շատ ավելի դյուրի բաներ պետք է առաջարկվեն, որ խմբերով կարողանան տեղափոխվել Հայաստան:
– Հետաքրքիր է, կցանկանայի՞ք ապրել Հայաստանում:
– Շատ դժվար հարց է: Մի քիչ այստեղ, մի քիչ` Ամերիկա, կարող է լինել: Բայց ես` իբրև մարդ, շատ կարևոր պատասխան ունեմ այս հարցի համար: Եթե Աստծո գրած ճամփան է, ես պետք է հետևեմ նրա կամքին: Այսինքն, եթե ուզում է` մեծ հաճույքով…
Զրուցեց Լուսինե Աբրահամյանը