Սփյուռքահայ Յոհաննա Էքմեքջյանը հայ ուսանողներին Ֆլամենկո է սովորեցնում

Իսպանիայից ժամանած Յոհաննա Էքմեքջյանը  Ֆլամենկո պարի մասնագետ է:

Յոհաննան բնակվում է Սեվիլիա քաղաքում ,որը համարվում է ֆլամենկոի մայրաքաղաքը : Պարում է մանկուց :

«Մանկուց սիրել եմ պարել: Տարբեր ոճերի պարերի եմ տիրապետում, բայց ինձ համար հոգեհարազատը ֆլամենկոն է: Ես դասավանդում եմ ֆլամենկո, բայց ինքս էլ  հաճախում եմ ֆլամենկոի դասերի»,- ասաց Յոհաննան :

Նա առաջին անգամ Հայաստանում եղել է փոքր հասակում: Սա իր երկրորդ այցելությունն է  Հայրենիք:

«Ես ծնվել եմ Ֆրանսիայում, հիմա էլ բնակվում եմ Իսպանիայում, բայց իմ ծնողները ծնվել են Հայաստանում  և խոսում են մաքուր հայերենով: Ես ինքս շատ լավ չեմ խոսում, բայց հասկանում եմ  հայերեն»,- նկատեց նա:

Յոհաննան, լինելով Հայաստանում,  ցանկություն է հայտնել ֆլամենկոի  դասեր անցկացնել հայ պարողների հետ:

Սեփական փորձն իր հայրենակիցների հետ կիսելու նպատակով  էլ Սփյուռքի նախարարության աջակցությամբ և միջնորդությամբ  օգոստոսի 1-ին Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական  պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժնում կայացավ  հանդիպում:

Յոհաննան արժանացավ ջերմ հյուրընկալության պարարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանի , ինչպես նաև ուսանողների կողմից :

Պրոֆեսոր Կարեն Գևորգյանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց իրենց հյուրնկալվելու համար :

«Շատ  ուրախ ենք ձեզ  այստեղ տեսնել :  Կարծում եմ՝ մեր ուսանողները ոգևորությամբ կսովորեն ֆլամենկոն: Շնորհակալ ենք Սփյուռքի նախարարությանը այս հանդիպումը կազմակերպելու համար» ,-նշեց Կ. Գևորգյանը:

Մինչ գործնական մասին անցնելը՝  Յոհաննան ուսանողներին պատմեց, թե ինչ է ֆլամենկոն և որտեղից է առաջացել :

«Ֆլամենկոն գալիս է Իսպանիայի հարավային շրջաններից:  Այն մշակութային խառնուրդների արդյունք է: Կազմված է երեք կարևոր հիմքերից: Առաջին հիմքը երգն է, երկրորրդը՝ պարը, իսկ երրորդը՝ կիթառը: Ֆլամենկոն ներկայացնում է մարդկային բոլոր զգացումները: Առանց զգացմունքի անհնար է պարել»,-  ավելացրեց  նա:

 Յոհաննան  շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը   և հույս հայտնեց ,որ նման հանդիպումները կլինեն շարունակական:

Դասընթացները կտևեն երկու օր :

Արփի Կիրակոսյան

3411_hq 20140801_102537-2 20140801_102828 (1)

Scroll Up