Գլենդելի «Կոմիտաս» երգչախումբը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

Հուլիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնակցելու համար Հայաստան ժամանած՝ Գլենդելի «Կոմիտաս» երգչախմբի անդամներին:

Ողջունելով հյուրերին,  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ուրախությամբ նշեց. «Ուրախ եմ, որ միջին տարիքի եք: Շատ կարևոր է, որ մարդ իրեն նվիրում է մշակույթին ու ճիշտ է անցկացնում ժամանակը, ավելի երիտասարդ է մնում: Ինձ դուր է գալիս ձեր երգչախմբի անունը: Կոմիտաս նշանակում է հայ երգի արքա, երգի Մաշտոց, ցեղասպանության խորհրդանիշ: «Կոմիտաս» անունը կրող երգչախումբը չի կարող լավ չերգել»:

Նախարարն անդրադարձավ Սփյուռքում հայապահպանության խնդիրներին, նա մասնավորապես  ասաց. «Սփյուռքում, հատկապես Ամերիկայում հայ մնալու խնդիր ունենք: Աճող սերնդի համար կարևորը օրինակն է: Ես գնահատում եմ օրինակի ուժը, որով սերունդ ենք դաստիարակում, հայ ենք պահում: Երեխան պետք է գոնե մեկ անգամ Հայրենիքը տեսնի: Մենք իրավունք չունենք մեր սերունդը ձուլելու, վերացնելու»:

Նախարարը վստահություն հայտնեց, որ «Կոմիտաս» երգչախումբը կզարդարի փառատոնը, իր ելույթով կոգևորի մյուս երգչախմբերին: Երգչախումբը հանդես կգա նաև մենահամերգով:

Կալիֆորնիայի Հայ Երիտասարդաց Միության «Կոմիտաս» երգչախումբը ստեղծվել է 2004թ.` հայ մշակույթն ու հայ լեզուն պահպանելու նպատակով: 48 հոգանոց երգչախումբը համերգներ է ունեցել Կալիֆորնիայի Ֆրեզնո և Սան Ֆրանցիսկո քաղաքներում, մասնակցել է բազմաթիվ միջոցառումների և պարգևատրվել մրցանակներով ու պատվոգրերով: 2014թ. դեկտեմբերին «Ալեքս» համերգասրահում տեղի կունենա երգչախմբի հերթական համերգը:

Scroll Up