Տիրան Լոքմագյոզյան.« 100-ամյակով չի ավարտվում ոչինչ, այլ սկսվում է ամեն ինչ»

Հուլիսի 23-ի երեկոյան Իրանահայ ազգային եւ մշակութային միության կենտրոնատեղիում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված, իրանահայ անկախ կառույցների միասնական նախաձեռնությամբ կազմակերպված անդրանիկ ձեռնարկը՝ թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի բանախոսությամբ:

Ծրագրի սկզբում Իսլամական ազատ համալսարանի Հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ եւ դասախոս դոկտ. Անդրանիկ Սիմոնյանն իր օրվա խորհուրդի նշանակությունը շեշտավորող բացման խոսքից հետո բեմ հրավիրվեց բանախոսին:

Հայոց ցեղասպանության եւ հայության ոտնահարված իրավունքների ձեռքբերումների մասին խոսելով, օրվա բանախոս թուքագետ Տիրան Լոքմագյոզյանը քննադատեց, իր բնորոշմամբ «հայի հատուկ միամտությունը» , որ մոռանում է գայլի հոշոտող բնազդը: Նա շեշտեց, որ «Ճանաչելու, իմանալու խնդիրը ամենակարեւոր խնդիրն է մեր գործում», որպեսզի կարողանանք ըստ այդմ դիմել հակաքայլի՝ «Գիտակցենք, որ եթե ճանաչում ես հակառակորդին, արդեն կիսով չափ հաղթեցիր»:

Լոքմագյոզյանը կարևորությամբ հիշատակեց, որ «Մինչեւ 50-ամյակը չէր խոսվում Հայոց ցեղասպանության մասին, բայց 1965 թ. Երեւանում, ժողովուրդը դուրս եկավ փողոց … եւ դրանից հետո կոթող հիմնվեց… Իսկ արտասահմանում մեր ձայնը լսելի չէր, եւ միայն ԱՍԱԼԱ-ի գործողություններից հետո էր որ լսելի դարձավ»: Նա հավելեց՝ «Այն օրերին ես Գերմանիայում էի, այնտեղ էր նաեւ Էդիկ Հովհաննիսյանը, ով ասում  էր. «Մենք մեծ գումարներ էինք ծախսում որ մի քանի տող գրեն մեր մասին ու չէինք հաջողում, իսկ սրանց մի փամփուշտը շատ բան գրել տվեց»:

Լոքմագյոզյանն հավելեց, որ հայկական նորագույն պայքարի սկզբնական շրջանում թուրքերը փորձեցին ամեն ինչը թեթեւի առնել ու մոռացության տալ, իսկ երբ տեսան չի դադարում ընթացքը՝ չկարողացան լուռ մնալ եւ պարտավորվեցին խոսել՝ այս անգամ տարբեր ստեր հորինելով…:

«Հայաստանի անկախությունից հետո մեր գործը ավելի դժվարացավ»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ մեզ մոտ պակասում է կազմակերպված աշխատանքը, ինչը թուրքերի մոտ հակառակն է:

 «Ամեն մի հայ ցեղասպանության փաստ է: Մենք, որպես հայ, Հայոց ցեղասպանության մասին փաստերի պետք չունենք, դրանք առաջին հերթին պիտի հրապարակենք թուրքերեն, ապա միջազգային լեզվով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն եւ վերջում նոր հայերեն»,- նշեց նա:

Անդրադառնալով Թուրքիայում առաջացած վերջին փոփոխություններին Լոքմագյոզյանն ասաց. «Գորշ գայլերից ես այսօր այնքան վտանգ չեմ տեսնում, այլ վախենում եմ նրանցից, որոնք հայամետ քաղաքականություն են խաղում: Ես վախենում եմ կեղծավորներից, որոնք ասում են հայերից պիտի ներողություն խնդրել, բայց չեն ընդունում Ցեղասպանությունը եւ, իհարկե, խիստ դեմ են հատուցմանը»:

Նա հայտնի արձանագրությունները հայերի դեմ լարված որագայթներից մեկը համարեց եւ ապա խոսելով Սեւրի եւ Լոզանի պայմանագրերի մասին ասաց. «Թուրքերը շատ են հպարտանում Լոզանի պայմանագրով եւ այն համարում են իրենց հանրապետության հաստատող պայմանագրերից ամենակարեւորը, սակայն հետաքրքիր է իմանալ, որ Լոզանի պայմանագրում ճշտված է Թուրքիայի բոլոր սահմանները բացի արեւելյանից, այդ սահմանը բաց է թողված եւ դա մեր շահին է»:

Տիրան Լոքմագյոզյանն իր խոսքի վերջում շեշտեց, որ 100-ամյակով չի ավարտվում ոչինչ, այլ սկսվում է ամեն ինչ և ապա հարցերին տվեց սպառիչ պատասխաններ:

Դոկտ. Անդրանիկ Սիմոնյանը եզրափակելով երեկոն ասաց. «ԱՍԱԼԱ-ի կազմակերպած Փարիզի պատմական «Վան» գործողությունը շատ բաներ փոխեց ֆրանսիահայի ու Ֆրանսիայի կյանքում: Ֆրանսիայի նախագահը, որ այդ օրերին պիտի խոսեր իրավազրկված ժողովրների մասին, իր ելույթի տեքստում հիշատակած չուներ իրավազրկված հայ ժողովրդի անունը, որն այնուհետ ավելացավ: Իսկ այսօր Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքողը դատվում է այդ երկրում: Այսօր, բարեբախտաբար, պետություն ունենք, որը պիտի պետականորեն այս ուղղությամբ աշխատանք ծավալի ու մենք ամեն մեկս պիտի մեր վրա պարտք զգանք ինչ-որ քայլ կատարելու 100-րդ տարելիցի առիթով»:

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան

Scroll Up