Կցուցադրվի «Վանա ծովուն արշալույսը»

Սփյուռքի նախարարությունը նախաձեռնել է Արտակ Իգիթյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի հանրային ցուցադրությունը՝ այսպես նաև մեկ քայլ կատարելով դեպի Ցեղասպանության 100-ամյակը, որը ոչ միայն մեծ ազգահավաքի ու մեծ խորնարհման, այլև պահանջատիրության ցույց է դառնալու: «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը, շատերի կարծիքով, կինեմատոգրաֆիստներ Արտակ Իգիթյանի ու Վահան Ստեփանյանի գլխավոր ստեղծագործական ձեռքբերումն է, այն եզակի շարժանկարներից մեկը, որտեղ գեղարվեստական մտահղացումն ու նրա պատկերումը ներդաշնակված են, որտեղ Ցեղասպանության թեման ստացել է իր ամբողջական պատկերումն ու լուսաբանումը՝ հույզն ու մտորումը, ցասումն ու բողոքը, սառը դատողականությունը միավորելով իրար: Այս ֆիլմը լացի ու ողբի մասին չէ, այստեղ սարսափազդու տեսարաններ չկան, այստեղ հայ մարդը չի ներկայացված մեծ ոճրին հանդիման՝ անպաշտպան ու խեղճ: Արժանապատվություն կա այս ֆիլմում, պայքարի հպարտություն և նաև՝ պահանջատիրություն: Ֆիլմում կա մի տեսարան, որը ոչ միայն հուզում է, այլև դառնում է նրա գաղափարական կենտրոնացումը, հայի ոգու անկոտրումլինելու խորհրդանիշը, տանում դեպի հայապահպանություն և ոգու ամրություն: Ֆիլմի հերոս ծերունու, որի դերը հրաշալի է մարմնավորել ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրովը, տնկած ծառը չի ծաղկում, իսկ միայնակ ծերունու համար ծառի ծաղկելը դարձել է երազանք, փափագ: Ծառը ծաղկած տեսնելու համար ծերունին Հայաստանից բերած մի բուռ հող է շաղ տալիս ծառի բնի մոտ: Բայց իրեն տրված չէր այն ծաղկած տեսնելու իրականությունը: Ծերունին կնքում է մահկանացուն, իր երազներում հաճախ տեսնող Վանա ծովի ափին, արշալույսին, բայց կտակում խնդրում, որ հոգ տանեն ծառի մասին՝ այն ամեն դեպքում կծաղկի: Ծառը հայի ոգին է, լինելիության խորհրդանիշը: Հայի ոգին ծերունին փոխանցում է իր սերնդին, վստահ լինելով, որ այն մի օր կծաղկի: Այստեղ հայապահպանության կարևոր հիմնախնդիրն է արծարծվում, ու թեպետ չծաղկած, բայց ծաղկին սպասող ծերունին, կտակում է իր սերնդին ծառը ծաղկեցնել: Որդին ճիշտ է հասկանում հոր կտակում ասված խոսքերն ու պնդում, որ ինքը պարտավոր է ամեն դեպքում իր հոր պես «խենթ» լինել, չնայած, որ առաջ չէր ողջունում հոր քայլերը իսկ թոռնիկն այցելում է վերջապես պապի ու իր հայրենիք՝ Արևմտյան Հայաստան, Վանա լիճ:
Կարծես ոչ պատահաբար է ֆիլմում ընտրված Վանա լիճը, որն այս դեպքում է հնագույն քաղաքակրթության և մեր հնագույն պետականության խորհրդանիշի, շատերի մեջ արթնացնում այն համոզմունքը, որ մեր բիբլիական ազգն իր կենսագրությունը սկսում է Բիայնայից ու Ուրարտուից, սակայն այսօր զրկված է իր պատմական հանրենիքից, իր հիշողության հանգրվանից, որն անցել է թուրքերին: Վանա լիճը նաև մեր սիրո խորհրդանիշն է առ հայրենին, որովհետև ազգի ժառանգական սկիզբը հենց այդտեղ է՝ Վանա լճի ափին, ու մենք սիրում ենք Վանա լիճը, մշտապես մեր հայացքները հառում դեպի այն…
Ֆիլմի սցենարի հեղինակներ Արմեն և Արեն Վաթյանները մոտեցել են Վիլյամ Սարոյանին ու Համաստեղին, նրանց նման մտածել հայի ոգու և ինքնության պահպանման մասին: Վիլյամ Սարոյանի «Խաղողի այգին» պիեսի հերոս Գրիգորը, ապրելով Միացյալ Նահանգներում, իր Ֆրեզնո ծննդավայրում խաղողի այգի էր հիմնել, որպեսզի իրեն միշտ հայ զգար, որպեսզի այգին իրեն տաներ դեպի հայկականություն: Համաստեղի «Հայաստանի լեռներուն սրնգահարը» պիեսի հերոսն իր ամերիկյան տան պատին աստիճան էր հենել, ամեն գիշեր բարձրանում էր աստիճանին և նայում իր հայրենիքին, հոգու աչքերով տեսնում իր Հայաստանը: «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի հերոսն էլ ապրում է ԱՄՆ-ում, նա նույնպես, ինչպես Սարոյանի և Համաստեղի հերոսները, կռվում է իր ինքնության պահպանման, հայոց լեզվի պահպանման մասին, երբ իր զավակներն ու թոռներն արդեն օտարացել են հայրենիից, երբ հայերենը դուրս է մղվել նրանց պատկերացումներից: Ծիծաղում ու ծաղրում են նրան՝ չհասկանալով, թե ինչ մեծ ցավ ու տառապանք կա ծերունու հոգում, թե ինչպես է նա մաքառում իր հայությունը պահպանելու համար… Պահպանելու հիշողությունը կորուսյալ հայրենիքի մասին: Սա է կարևորը: Այստեղ է ֆիլմի գլխավոր արժանիքը:
Եվ նրա տնկած ծառը հենց այդ մաքառման նյութականացումն է, դա փոքրիկ Հայաստանն է՝ ամփոփված ծառի մեջ, դեպի որը պիտի գան շատերը, իր որդին, թոռները, բոլոր նրանք, ում համար Հայաստանը միակ ու վերջին հանգրվանն է…
Լևոն Մութաֆյան