«Արի տուն- 2014». «Ինձ համար առաջնային լեզուն հայերենն է». Քրիստինա Կազանջյան

Քրիստինա  Կազանջյանը  12 տարեկան է , Հայաստան  է եկել  Շվեդիայի  Ստոկհոլմ  քաղաքից:  Քրիստինան  ասաց,  որ  «Արի  տուն»  ծրագրին  առաջին  անգամ  է մասնակցում: Մեր զրույցի ընթացքում Քրիստինան շատ անմիջական  ու անկեղծ էր. ոգևորությամբ էր   խոսում Հայրենիքում իր  տեսած պատմամշակութային հուշարձանների, բնության,քաղաքամայր Երևանի , հայրենակիցների ջերմ վերաբերմունքի մասին:

-Քրիստինա , դու  Հայաստանում  երբևէ  եղե՞ լ  ես:

-Այո , շատ  եմ եկել  Հայաստան, մայրս  Հայաստանից է, իսկ  հայրս՝ Սիրիայից: Մենք  այստեղ  տուն  ունենք,   ծնողներս  ինձ միշտ բերում  են Հայաստան, բայց ամեն անգամ ինձ թվում է, թե  նոր եմ տեսնում Հայրենիքս….Իմ անսահման  կարոտն է դրա պատճառը: Ինչպես ծնողից, այնպես էլ Հայրենիքից  դժվար է հեռվում մնալ:

Եղել եմ Նորավանքում,Գեղարդում, Գառնիում,  սակայն ամենամեծ տպավորությունը ստացել եմ Տաթևի վանական համալիրից, շրջակա սարերից ու ձորերից: Ինձ թվում էր, թե հեքիաթային մի աշխարհում եմ հայտնվել: Անհնար է չզմայլվել տեղի բնությամբ:

-Ինչպե՞ս  որոշեցիր  մասնակցել  «Արի  տուն»  ծրագրին:

_Համայնքում  խոսում  էին ,  ասում  էին,  որ     հայրենաճանաչության հրաշալի և ուսանելի  ծրագիր  է, ու ծնողներս  որոշեցին   ինձ  գրանցել,  հայտ ներկայացնել՝ ծրագրում ընդգրկվելու համար:

-Քրիստինա , Շվեդիայում  տանը  հայերե՞ն  եք  խոսում :

_Այնտեղ , ուր  ես  ապրում  եմ,  հայեր  չկան , ես  հայկական  դպրոց  չեմ հաճախում,  հայերեն  չենք  սովորում:

_Այդ  դեպքում  ինչպե՞ս  ես հիմա  հայերեն  խոսում  ինձ  հետ:

_Ծնողներս  են  սովորեցրել,  նրանք  ասում  են , որ հայերենն ինձ  համար պետք է առաջնային  լեզու  լինի , ու  ես  տանը  միշտ  հայերեն  եմ  խոսում,  դժվարությամբ,  բայց  խոսում  եմ: Կարծում եմ, որ հայը աշխարհի որ ծայրում էլ ապրի, չպետք է մոռանա իր մայրենի լեզուն:

Մերի Գևորգյան

Scroll Up