«Եկե՛ք Հայաստան». ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

Հայ-արգենտինական կապերն օրավուր ընդլայնվում և նոր ծավալներ են ձեռք բերում՝ այսպես հազարավոր կիլոմետրերով իրարից հեռու գտնվող պետությունները մոտեցնելով, իսկ հայ և արգենտինյան ժողովուրդներին դարձնելով անխախտ բարեկամներ: Այս բարեկամության մի նոր արտահայտությունն էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության այցը Արգենտինա: Պատվիրակության կազմում է նաև ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը: Պաշտոնական հանդիպումներ ունենալով արգենտինյան ղեկավարների հետ, հյուրընկալվելով Բուենես-Այրեսի քաղաքապետարանում, նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց նաև այդ երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ձգտելով գտնել այն ուղիները, որոնք առավել սերտ կդարձնեն մեր երկու պետության միջև արմատավորված բարեկամությունը, որն արդեն հարյուրամյակների պատմություն ունի:

Այո՛, հարյուրամյակների, քանզի հայերն Արգենտինայում հայտնվել են տակավին 17-րդ դարում և սկիզբ դրել ժողովուրդների բարեկամությանը, որն էլ անկախ Հայաստանի ձևավորումից հետո վերածվել է միջպետական բարեկամության: Արգենտինայում շատերին է հայտնի գեներալ Խուան Ցեթցի (Հովհաննես Ցեթցյան) անունը, որը ծնունդով Տրանսիլվանիայից էր (Հունգարիա): 1848 թ. նա մասնակցել է Հունգարական հեղափոխությանը, ապա Ղրիմյան պատերազմին: 1859 թ. Ցեթցը ամուսնացել է Բուենոս Այրեսի նախկին նահանգապետ Ռոսասի զարմուհու հետ և 1860 թվականից բնակություն հաստատել Բուենոս Այրեսում: Նա դարձել է Արգենտինայի ռազմական քոլեջի հիմնադիրը, արժանացել նախագահ Սարմիենտոյի բարձր գնահատականին: Ցեթցիին էլ կարող ենք համարել արգենտինահայ համայնքի հիմնադիրներից: 1892 թվականից սկսած Արգենտինան հրապուրիչ դարձավ Սիրիայից և Եգիպտոսից ներգաղթյալների համար, որոնց շարքերում քիչ չէին հայերը: 1910 թ. Ադանայի կոտորածներից հետո մոտ 2000 հայ բնակություն հաստատեց Արգենտինայում, իսկ 1915-ի Ցեղասպանությունից հետո շատ հայեր Եվրոպայից մեկնեցին Արգենտինա և բնակություն հաստատեցին այս հյուրընկալ երկրում: Ներկայումս հայերի թիվն Արգենտինայում կազմում է մոտ 100 հազար: Հայերի մեծ մասը կենտրոնացած է Բուենոս Այրեսում, մոտ 5 հազարն ապրում են Կորդոբա նահանգում: Փոքրաթիվ հայկական համայնքներ կան Ռոսարիոյում, Մար դել Պլատայում, ինչպես նաև Միսիոնես, Մենդոսա, Նեուկեն, Ռիո Նեգրո, Սանտա Կրուս նահանգներում: Հայկական ավանդական ազգային կուսակցությունների տեղական կազմակերպություններն իրենց գործունեությունն իրականացնում են մշակութային, հայրենակցական, բարեգործական և մարզական միությունների, ինչպես նաև պարբերականների միջոցով: Համայնքն ապրում է ակտիվ հասարակական-քաղաքական կյանքով: Գործում են Հայկական բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի և Կորդոբայի մասնաճյուղերը (արգենտինահայ առաջին կազմակերպությունն է, հիմնադրվել է 1911 թ.), «Արմենիա» մշակութային ընկերակցությունը (ստեղծվել է 1951 թ. ՀՅԴ հովանավորությամբ), ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ տեղական կազմակերպությունները` իրենց մշակութային, կրթական, երիտասարդական և մարզական ենթակառույցներով, ՀՕՄ-ի մասնաճյուղը, Արգենտինահայ մշակութային միությունը, Մարաշի, Հաճընի հայրենակցական միությունները, «Սիրանուշ և Պողոս Արզումանյան» հիմնադրամը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինյան մասնաճյուղը, հայ-արգենտինյան առևտրաարդյունաբերական պալատը  ու այլ կազմակերպություններ: Համայնքի կենտրոնական մարմինը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգաբարձությունն է` «Հայ Կենտրոն» անվամբ: Կազմակերպություններին կից ստեղծված են 5-ական պարախմբեր և երգչախմբեր: Բուենոս Այրեսում գործում են 6 հայ առաքելական (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Պողոս Պետրոս, Սուրբ Գևորգ, Սուրբ Հակոբ, Վարագա Սուրբ Խաչ, Սուրբ Երրորդություն), 1 կաթոլիկ (Նարեկա Սուրփ Տիրամայր) և 2 ավետարանական եկեղեցիներ: 1990 թվականից Արգենտինայի թեմի առաջնորդն է Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Բուենոս Այրեսում գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, ՀԲԸՄ Մարի Մանուկյան, Խրիմյան կրթական հաստատությունները, Մխիթարյան վարժարանը, Վիսենտե Լոպեսի հայկական դպրոցը, Արծրունի և Սահակ Բագչեջյան վարժարանը: Ներկայումս Արգենտինայում լույս է տեսնում 7 հայկական թերթ` «Սարդարապատ»` /հայերեն և իսպաներեն/ և «Արմենիա» /հայերեն և իսպաներեն/ շաբաթաթերթերը, «Նոր Սևան» /հայերեն և իսպաներեն/, «Generacion 3» /իսպաներեն/, «Վարդանանք» /իսպաներեն/, «Արարատ» /իսպաներեն/, «Նոր Հաճըն» /հայերեն և իսպաներեն/, «Տիբեթ» /իսպաներեն/պարբերաթերթերը: Իսպաներեն լեզվով եթեր են հեռարձակվում մեկից երկու ժամ տևողությամբ հայկական 9 ռադիոծրագրեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ ահա այս ավանդական ու մեծ պատմություն ունեցող համայնքի հետ: Դիմելով արգենտինահայերին, ՀՀ նախագահը մասնավորաբար ասաց. « ՀայրենիքՍփյուռք գործակցությունը մեր կարևորագույն ռազմավարական ուղղություններից է: Այսօր մեր պետությունը սփյուռքահային գործընկերություն է առաջարկում, պատրաստ է հնարավորություններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ստեղծում է կառուցակարգեր, որպեսզի սփյուռքահայերը Հայրենիքում կարողանան շահութաբեր գործունեություն ծավալել: Մեր խնդիրն է անցնել բարեգործությունից դեպի փոխշահավետ գործընկերություն: Ասել եմ և այսօր դարձյալ կրկնում եմ` եկե՛ք հայրենիք, ներդրումնե՛ր կատարեք: Շահույթ ստանալով` միաժամանակ կառուցե՛ք մեր բոլորի երազանքների երկիրը: Աշխատատեղ ստեղծելով` օգնե՛ք կանխել բոլորիս այդքան մտահոգող արտագաղթը: Հնուց եկած խոսք է՝ «Ծառն արմատով է ծառ, տունը հիմքով է տուն»: Հայն իր հողի վրա է ուժեղ ու երջանիկ, երկիրն իր զավակներով է զորավոր ու անպարտելի

Ի՞նչն է մեզ՝ հայերիս, կապում իրար ծովերից ու օվկիանոսներից այն կողմ: Անշուշտ Հայաստանը: Մեզ կապում են պատմությունը, մեր ընդհանուր պատմական հայրենիքը և մեր կորուստները: Բայց ամենից շատ մեզ կապում է ոչ թե այն, ինչ կորցրել ենք, այլ այն, ինչը չենք կորցրել՝ գտել ենք: Այսինքն՝ այսօրվա Հայաստանը: Ուրեմն, եկեք հարյուրապատիկ ավելի մեծ սիրով, խնամքով ու գուրգուրանքով վերաբերվենք Հայաստան հայրենիքին, որը կարողացել ենք փրկել մեծագույն զոհողությունների գնով: Եկե՛ք Հայաստան՝ վերատիրանալու նրան, քանի որ այն նաև ձերն է և ձեր զավակներինը: Մեզ կապում են նաև ապագա բոլոր հաղթանակներն ու այն ամենը, ինչին հասնելու ենք ապագայում: Եկե՛ք միասին օր առաջ կերտենք այդ ապագան: Այս անկայուն ու անապահով աշխարհում կա՞ ավելի ապահով տեղ հայկականությունը վերալիցքավորելու համար: Ես խիստ կասկածում եմ: Եվ ես ասում եմ բոլոր սփյուռքահայերին. եկե՛ք Հայաստան կամ ամուր թելերով կապվեք Հայաստանին, եթե ուզում եք քաղաքականապես հայ մնալ կամ հայ լինել: Արդյո՞ք աշխարհի երեսին կա մի վայր, որտեղ հայոց լեզուն չի նահանջում: Այո՛, կա՛. և դա Հայաստանն է: Ներկա Հայաստանն է հայոց լեզվի անմահության ավազանը: Ուրեմն, եկե՛ք Հայաստան կամ ավելի հաճա՛խ եկեք Հայաստան վերամկրտվելու և ձեր զավակներին վերամկրտելու այդ ավազանում: Հայաստանի մասին դրսում հազար ու մի պատմություն են պատմում. մի մասը՝ ճիշտ, մի մասը՝ չափազանցված, մի մասը՝ լավ, մի մասը՝ վատ: Բայց ավելի լավ է մարդ մեկ անգամ տեսնի, քան հարյուր անգամ լսի: Ձևավորե՛ք ձեր սեփական տպավորությունը և սեփական պատկերացումը իրական և ոչ առասպելական հայրենիքի մասին: Համոզվա՛ծ եղեք, որ իրական Հայաստանը՝ Արցախով հանդերձ, ավելի գեղեցիկ ու հարազատ է, քան կարելի է երևակայելԵթե չեք կարող ապրել Հայաստանում, ապա կարող եք ապրել Հայաստանով: Ապրել նրա հաջողություններով, հպարտանալ ձեռքբերումներով, կիսել նրա ցավերն ու բեռը:  Մեր գլխավոր նպատակակետը, մեր ողջ գործունեության թիրախի կենտրոնը հայրենիքն է՝ իրական Հայաստանը: Ես եկել եմ ձեզ ասելու, որ դուք մասն եք այդ իրական ու կայացած Հայաստանի Հանրապետության: Բոլորիս հայրենիք Հայաստանը նաև դուք եք, սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ արգենտինահայեր: Եզրակացությունը մեկն է. մեր ազգային ինքնության պահպանման և զարգացման առհավատչյան Հայաստանն է»:

Լևոն Մութաֆյան

Scroll Up