Տոլմայի ախորժալի բուրմունքը տարածվել էր Հավլաբար թաղամասում

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի և «Հայարտուն» կենտրոնի, ինչպես նաև անհատ բարերարների աջակցությամբ, ս.թ. հունիսի 29-ին, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում տեղի ունեցավ հայկական ազգային կերակրատեսակ «Տոլմա-2014» փառատոն-մրցույթը:

Բարի ավանդույթ է դարձել Վրաստանում ազգային մյուս արժեքների հետ միասին ներկայացնել նաև մեր ազգային խոհանոցն իր բազմաբղետությամբ: Առավոտից ախորժալի տոլմայի բուրմունքը տարածվել էր ողջ Հավլաբար թաղամասում: Եկեղեցու բակում շարված սեղաններին տեղ էին գտել թբիլիսահայ տիկնանց պատրաստած տոլմայի շուրջ 20 տարատեսակներով կաթսաները:

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը ներկայացրեց դեռևս ուրարտական ժամանակներից եկող տոլմայի՝ իսկական հայկական ճաշատեսակ լինելը և փառատոն-մրցույթը հայտարարեց բացված: Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Սամվել քահանա Թորոսյանը օրհնեց տոլմայով լի կաթսաները և բարեհաջող ընթացք մաղթեց փառատոնին:

Հայոց հինավուրց եկեղեցու բակը լեփ-լեցուն էր մարդկանցով. եկել էին բազմաթիվ հյուրեր, տեղացիներ և ժամանած հայեր, վրացիներ, ռուսներ, ֆրանսիացիներ, գերմանացիներ, նրանք բոլորը համտեսելով տոլման, բարձր գնահատեցին այս ազգային կերակրատեսակը:

Մինչ տարածվում էր «Հայարտուն» կենտրոնի համույթների և անհատ կատարողների ուրախ երգն ու երաժշտությունը, մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիլյանի, գեղարվեստական ղեկավար՝ Պավել Օգանեզովի գլխավորությամբ, մրցատյանը գնահատում էր ներկայացված տոլմայի արտաքին տեսքը, մատուցման կատարելությունը, քննարկում տոլմայի տարբեր տեսակների համային հատկանիշները՝ մրցույթի հաղթողին որոշելու համար:

Այս տարի մրցանակներ շնորհվեցին երկու անվանակարգերից. գնահատվեց տոլմայի տեսքը և մատուցման դիզայնը, ինչպես նաև համային հատկությունը և նորամուծությունը: Մրցատյանի նախագահ՝ Վիրահայոց թեմի ֆինանսական տնօրեն Մարգարիտա Կիրակոսյանը բարձրաձայնեց երկու անվանակարգերից հաղթողներին: Տոլմայի տեսքը և մատուցման դիզայնը անվանակարգից առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին՝ Վարսենիկ Գևորգյանը, Հռիփսիմե Անդրեասյանը և Ալինա Ամիրխանովան, իսկ համային հատկություն և նորամուծություն անվանակարգից համապատասխանաբար՝ Լուսինե Գալուստյանը, Ցիալա Թեյմուրազովան և Սվետլանա Հովսեփյանը: Բոլոր հաղթողները արժանացան մրցանակների և նվերների: Մրցույթի մասնակիցներին բաժանվեցին օրհնված սրբապատկերներ:

«Տոլմա-2014» փառատոն-մրցույթի ընթացքում ներկաներին զովացուցիչ ըմպելիքներով հյուրասիրում էր ըմպելիքների “Ballis” ընկերությունը, հացով ապահովել էր Օնիկ Նանիջանյանի «Իսկական հայկական լավաշ» ընկերությունը: Միջոցառումը վարեց Աննա Պողոսովան:

«Տոլմա-2014» փառատոն-մրցույթը լայնորեն լուսաբանվեց վրացական, հայկական և օտարալեզու զանգվածային լրատվության բազմաթիվ միջոցներով:

http://armenianchurch.ge

IMGP1878 IMGP1882 IMGP1885 IMGP1887 IMGP1906 IMGP1921 IMGP1934 IMGP1960 IMGP1970

Scroll Up