«Աշխարհի լավագույն երկրների» ցանկում Հայաստանը 72-րդն է

Հայաստանը 72-րդ տեղն է զբաղեցրել 125 երկրների շրջանում’ «Աշխարհի լավագույն երկրների» ցանկում: Այս մասին է վկայում Good Country Index կայքում ներկայացված վարկանիշային աղյուսակը, որն առաջին անգամ է կազմվել:

Ուսումնասիրությունն անցկացրած փորձագետները հաշվի են առել մարդկության զարգացման գործում երկրների կատարած ներդրումները՝ օգտագործելով ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի և այլ միջազգային ինստիտուտների տվյալները յոթ կատեգորիաներում, մասնավորապես՝ գիտություն և տեխնոլոգիաներ, մշակույթ, խաղաղություն և անվտանգություն, համաշխարհային կարգ, երկրագունդ և կլիմա, բարգավաճում և հավասարություն, առողջապահություն:

Վարկանիշի տվյալների համաձայն՝ Հայաստանը «Գիտություն և տեխնոլոգիաներ» կատեգորիայում 125 երկրների շրջանում զբաղեցնում է 50-րդ հորիզոնականը, «Մշակույթ» կատեգորիայում՝ 98-րդ հորիզոնականը, «Խաղաղություն և անվտանգություն» կատեգորիայում Հայաստանը 39-րդն է, «Համաշխարհային կարգ» կատեգորիայում 72-րդն է, «Երկրագունդ և կլիմա»-ում 98-րդն է, «Բարգավաճում և հավասարություն» և «Առողջապահություն» կատեգորիաներում Հայաստանը զբաղեցնում է, համապատասխանաբար, 15-րդ և 110-րդ հորիզոնականները:

ԱՊՀ երկրների շրջանում վարկանիշային աղյուսակում առավել բարձր դիրք է զբաղեցրել Մոլդովան (60-րդ տեղ): Նրան հետևում են Հայաստանը, Ղրղըզստանը (74), Ղազախստանը (80), Բելառուսը (82), Ռուսաստանը (95), Ուկրաինան (99), Ադրբեջանը (122): Վրաստանը զբաղեցրել է 77-րդ տեղը:

Մանրամասները՝ imyerevan.com կայքում:

Scroll Up