«ՖՐԵՍԿՈ». լսելի նաև խուլերի համար

«Ֆրեսկո» միջազգային փառատոնի կինոդիտումները կթարգմանվեն նաև ժեստերի լեզվով:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնը, որի հանդիսավոր բացումը, ինչպես տեղեկացրել էինք, տեղի կունենա հունիսի 21-ին Երևանի Կարապի լճի հարակից տարածքում, ակտիվորեն աշխատում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես երիտասարդների հետ: Փառատոնի կամավորների թվում քիչ չեն լսողության խնդիրներ ունեցող երիտասարդները, ովքեր փառատոնի կազմակերպիչ «Ֆորմիկա արտ պրոդաքշն» ստուդիայի հետ աշխատում են արդեն մի քանի տարի: Փառատոնն իրավամբ նրանց հասանելի դարձնելու համար կազմակերպիչները նախատեսել են կինոդիտումներն անցկացնել ժեստերի լեզվի համաժամանակյա թարգմանությամբ:

Թարգմանությունը կիրկանացնի ժեստերի լեզվի մասնագետ Զուբեյդա Մելիքյանը: «Ժեստերի լեզուն իմացող խուլերի համայնքը իրեն հաշմանդամ է զգում միայն այն դեպքում, երբ չեն լսում ու արտահայտվում, այսինքն` զրկված են  ժեստերի լեզվով հաղորդակցվելու հնարավորությունից»,- բացատրում է ողջ կյանքը լսողության խանգարումներ ունեցող մարդկանց հետ աշխատող Զուբեյդա Մելիքյանը:

Նա նշում է, որ խուլերի համայնքի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ են ընդունել ֆիլմերի թարգամության նախաձեռնությունը. «Նրանք  էլ են ուզում ֆիլմ նայելիս ոչ թե գուշակություններ անել, այլ հասկանալ ֆիլմն ամբողջությամբ: Հասկանալ ու նաև իրենց կարծիքը հայտնել տեսածի ու զգացածի վերաբերյալ: «Ֆրեսկոն», կարծում եմ, նրանց կտա այն զգացողությունները, որոնց պակասը նրանք հաճախ են առօրյա կլյանքում զգում»:

«Երբ իմացա, որ Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եսային մեծ միջոցառում է անելու, որը նաև մեզ համար է նախատեսված լինելու, որոշեցի անպայման ներգրավվել նախապատրաստական աշխատանքներում և իմ լուման ունենալ այս մեծ տոնի կազմակերպման գործում»,- ժեստերի լեզվով ասում է Գրետա Ավագյանը:

Խուլերի համայնքի ներկայացուցիչներն այս օրերին կարևոր ստեղծագործական գործընթացում են. նրանք սովորում են հատուկ փառատոնի համար գրված հիմներգի բառերը:

«Հայերն այսօրը» Ֆրեսկո փառատոնի ինֆորմացիոն աջակիցն է:

Scroll Up