«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա վարժարանի ավարտական հանդեսը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/unnamed-86.jpg)
Հայ ժողովրդի դարավոր կյանքի ճանապարհին կրթությունն ու հոգևոր հավատը գոյապայքարի հաղթաթուղթ են դարձել: Այդ գործում իրենց լուրջ առաքելությունն ունեն սփյուռքում Մայր Եկեղեցու հովանու ներքո գործող հայկական դպրոցները, որոնցից է Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյանց մայր տաճարի «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա վարժարանը: Այն չորս տարի առաջ թեմի առաջնորդ գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի օրհնությամբ վերակազմավորվելով` գործում է առաջնորդարանի լուսավոր հարկի ներքո:
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա վարժարանի գործունեությունն ուղղված է մեկ նպատակի` նվիրվել հայապահպանության կարևորագույն գործին, պատրաստել, դաստիարակել հայ ոգով մեծացող, ազգային ու հոգևոր արժանապատվությամբ տոգորված պատանիներ ու աղջիկներ:
Հաստատությունը հնարավորություն է տալիս ոչ միայն սովորելու հայոց լեզուն, այլև ճանաչելու պատմական, հոգևոր ժառանգությունը, մոտ լինելու հայի ինքնությանը և սիրելու այն, ինչն ավանդ ենք ստացել մեր նախնիներից, գիտակցելու, որ յուրաքանչյուր սերունդ առաքելություն ունի՝ անաղարտ պահել-պահպանել մեր սրբազնասուրբ լեզուն և պատասխանատվությամբ վերաբերվելու հայ մնալու կոչմանը:
Հայերեն ուսուցման բարձր որակի ապահովում, ինչպես նաև մարդկային լավագույն հատկանիշների սերմանում. ահա այս նպատակի ու գաղափարների իրագործումը վերածվել է նվիրյալ առաքելության, որին ձեռնամուխ է եղել դպրոցի մանկավարժական անձնակազմը` տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի գլխավորությամբ:
Դպրոցում դասավանդում են բարձրագույն կրթությամբ, բազմամյա աշխատանքային փորձ, մանկավարժական հմտություններ և կարողություններ ունեցող ուսուցիչներ, ովքեր տիրապետում են ուսուցման նոր մեթոդներին ու հնարքներին։ Առաջնորդարանին կից գործող գիտակրթական հանձնախումբը՝ ղեկավարությամբ դոկտոր Էլի Անդրեասյանի, ապահովում է նաև ուսուցիչների տարեկան վերապատրաստումը։ Նրա որդեգրած արհեստավարժ ու գիտական խոր մոտեցումները դպրոցը դարձնում են գերմրցունակ՝ միևնույն ժամանակ ապահովելով առաջատարի դիրքեր։
Հարկ է նշել, որ վաժարանը համագործակցում է ՀՀ սփյուռքի, ինչպես նաև գիտության ու կրթության նախարարությունների հետ՝ հայրենիքից պարբերաբար ստանալով դասագրքեր, հայագիտական, կրթական նյութեր և այլ օժանդակ պարագաներ։ «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա վարժարանում դասընթացներն անց են կացվում Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների համար նախատեսված դասագրքերով:
«Փոքրիկ Հրեշտակներ»-ում առօրյան բավականին հագեցած է, այն սկսվում է հոգևոր զրույցով։ Եկեղեցու հովիվ, արժանապատիվ Տ. Խաժակ քահանա Շահբազյանի հոգևոր ու խրատական հորդորներին մասնակցում են ոչ միայն դպրոցականները, այլև նրանց ծնողները, տատիկներն ու պապիկները: Այս անկեղծ ու ջերմ մթնոլորտը հիմք է դարձել մի մեծ ընտանիքի, ուր թագավորում են սերն ու բարությունը, գիտության լույսն ու հայապահպանության ոգին։ Ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա:
Վարժարանում, լեզվի դասավանդմանը զուգահեռ, հատուկ ուշադրություն է դարձվում երգեցողությանը, քանի որ հայ երգի ու երաժշտության միջոցով երեխաներն ավելի հեշտությամբ են յուրացնում ու մտապահում մայրենին, սիրում և կապվում են նրա հետ:
Կրթօջախում իրականացվող բազմաբովանդակ աշխատանքների հանրագումարն ամփոփվում է ոչ միայն քննություններով, այլև տարին մի քանի անգամ կամակերպվող գրական, գեղարվեստական ու մշակութային ձեռնարկներով:
2014 թ-ի հունիսի 14-ին տեղի ունեցավ առաջին դասարանցիների «Հրաժեշտ այբբենարանին» և 5-րդ ավարտական դասարանի աշակերտների «Աշխարհի յոթ հրաշալիքներ» խորագրով միջոցառումը: Բարիգալստյան խոսքից հետո Տ․ Խաժակ քահանա Շահբազյանը հրավիրեց թեմի ավագագույն հոգևորականներից` դոկտոր Տ. Զավեն ավագ քահանա Արզումանյանին աղոթքով սկսելու հայտագիրը։ Տաճարի լուսավոր պատերի ներքո «Փոքրիկ Հրեշտակներն» արտասանում և երգում էին մայրենի լեզվով` միևնույն ժամանակ խոստանալով փայփայել ու պահպանել այն։ Աշակերտների ներկայացրած հայտագիրը հուզիչ էր, տպավորիչ, որի ընթացքում ակնառու էր երեխաների ձեռք բերած գիտելիքներն ու պաշտանմունքը դեպի մեր բազմադարյա մայրենին։
Հանդեսին ներկա թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանն իր խոսքում բարձր գնահատեց և իր օրհնությանն արժանացրեց կրթօջախի տնօրինությանը, ուսուցչական կազմին, ծնողներին ու աշակերտներին՝ հորդորելով պահպանել և ավելացնել այն հոգևոր սնունդը, ինչը ձեռք էին բերել ուսումնական տարվա ընթացքում։
Հանդիսության ավարտին դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը նշեց, որ Ս․ Ղևոնդյանց մայր Տաճարը և «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցն այն մեծ իրագործումների մի փոքրիկ մասն են, որ կատարվում է Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմից ներս` ժրաջան առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի ղեկավարությամբ։ Իսկ աշակերտներին հիշեցնելով բայրոնյան հայտնի տողերը, հորդորեց ամուր պահել մեր աստվածատուր, մեսրոպաշունչ մայրենին։
Վերջում առաջին դասարանի շրջանավարտներն ստացան նվերներ, ինչպես նաև «Տառաճանաչության վկայականներ», իսկ 5-րդ դասարանի սաները՝ «Ավարտական վկայականներ»։
Անահիտ Բեգլարյան
ԱՄՆ