Քեսաբահայ ազգագրագետ. Քեսաբից հետո Հալեպի հայ գաղութի վրա հարվածներն ավելի սաստկացան
Հայաստանում է ազգագրագետ, քեսաբահայ Հակոբ Չոլաքյանը, ով իր աչքով է տեսել այն գործողությունները, որ տեղի են ունեցել Քեսաբում:
Մամուլի ասուլիսում, հետհայացք գցելով տեղի ունեցածին, նա նկատեց, որ Սիրիայի մերօրյա տագնապի մեջ երևան եկան այնպիսի ուժեր, որոնք ոչ միայն սպառնալիք դարձան Սիրիային, այլև մասնավորապես հայ զանգվածին:
Հակոբ Չոլաքյանի բնութագրմամբ, առաջին իսկ օրից Թուրքիան բազմաթիվ ահաբեկիչներ է իր տարածքից մտցրել Սիրիա:
«Սիրիահայությունը օրինապահ քաղաքացին էր Սիրիա պետության և բարեկամն էր արաբ ժողովրդի: Այդ բարեկամությունը գալիս է դարերի խորքից»,- նկատեց նա և հավելեց, որ այն թաղամասերը, ուր հայերը գործարարներ էին և ունեին իրենց հարստությունը, դատարկվեցին, մարդիկ տեղափոխվեցին կենտրոն, արտասահման կամ Հայաստան:
Այժմ Հալեպի թաղամասերից Նոր գյուղում, Սուլեմանիեում, Վիլաների թաղամասում և Ազիզիեում են մնացել հայեր. «Հալեպահերն անցնող երեք տարիներին մեծապես տուժեցին: Դպրոցները, եկեղեցիները, հաստատությունները կործանվեցին: Իսկ վերջին լարվածությունն էլ հաջորդեց Քեսաբի իրադարձություններին: Քեսաբի շրջանի 11 գյուղերն ու կենտրոնական ավանն ամբողջությամբ հայաթափվեցին: Շուրջ 2000 հայություն, որ Սիրիայի մյուս հատվածներից էին եկել այստեղ պատերազմի ընթացքում, դարձյալ գաղթականության ճանապարհը բռնեցին ու տեղափոխվեցին հարավ` ավելի ապահով շրջաններ»:
Նա հավելեց, որ ամեն օր սաստկացող վիճակին արտաքին աշխարհը ոչ մի միջամտություն չարեց:
Քեսաբի այս դեպքերից հետո Հալեպի հայ գաղութի վրա հարվածներն ավելի սաստկացան, նկատեց Հակոբ Չոլաքյանը: Քարուքանդ եղավ նոր Գյուղը, իսկ վիճակն օրհասական է՝ թե՛ անվտանգության, թե՛ ապրուստի տեսակետից:
«Ամենից վտանգավոր այս պահին այն է, որ լռում ենք և չենք բարձրաձայնում նրանց վիճակի մասին: Սիրիահայ գաղութը, որ Մայր գաղութ է, որի սիրտը Հալեպն է, անցնող տարիների մեծ կրթական, ազգային սնունդ է մատակարարել ողջ սփյուռքին: Այսօր այդ ամենը մոխրակույտի են վերածվում: Սա սարսափելի երևույթ է»,- ասաց նա:
Ազգագրագետը նկատեց, որ հայության` Հալեպից զանգվածային տեղահանում չի կատարվում, բայց ամեն օր փախստականներ կան, որ հեռանում են:
Մանրամասները՝ panorama.am կայքում: