ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Ստամբուլի Ազգային կեդրոնական վարժարանի հիմնադիր ներկայացուցիչ Կարպիս Պարմումջեանին

Մայիսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ստամբուլի Ազգային կեդրոնական վարժարանի հիմնադիր ներկայացուցիչ Կարպիս Պարմումջեանին:

Բարձր գնահատելով վարժարանի դերը Պոլսի հայ համայնքում մատաղ սերնդին հայեցի դաստիարակելու և կրթելու գործում ՝ ՀՀ սփյուռքի նախարարը ուրախությամբ նշեց, որ 2013-2014թթ. ուսամնական տարվա վարժարանի բոլոր 52 շրջանավարտներն էլ կդիմեն համալսարաններ և հատկապես` բնագիտական ուղղություններով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կարպիս Պարմումջեանը նշեց, որ Պոլսի հայ համայնքում մշտապես հետևում են ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությանը, ՀՀ սյփւուռքի նախարարի կողմից համայնքներին ուղղված կոչերին և արձագանքում դրանց:

Ստամբուլի Ազգային կեդրոնական վարժարանի հիմնադիր ներկայացուցիչը ՀՀ սփյուռքի նախարարին հանձնեց Վարժարանի կողմից հրատարակած «Ազգային Կեդրոնական Վարժարան», «Յարգանք կեդրոնականցիներու» և «Նախ մայրենին» պարբերականների վերջին համարները:

«Մենք մշտապես հիանում ենք Ձեր դպրոցի կողմից հրատարակած  նյութերով, վարժարանի գործունեությունը լուսաբանող զանազան պարբերականներով»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը Վարժարանին կտրամադրի նախարարության նախաձեռնությամբ և պատվերով հրատարակված արևմտահայերենի դասագրքեր:

Կարպիս Պարմումջեանը ցավով նշեց, որ համայնքն իսկապես ունի դասագրքեր կազմողների և մայրենի լեզու  դասավանդող մանկավարժների պակաս:

Բարձր գնահատելով դարեր շարունակ թուրքական տիրապետության տակ բնակվող հայ քրիստոնյա համայնքի կամքն ու ազգային դիմագիծը պահպանելու ջանքերը՝ ՀՀ սփյուռքի նախարարը հրավիրեց վարժարանի սաներին մասնակցելու «Արի տուն» ծրագրին:

Նախարար Հ.Հակոբյանը հավելեց, որ այս տարի առաջին անգամ «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստանում կհյուրընկալվի Դիարբեքիրի (Տիգրանակերտ) իսլամացած հայերի 40-50 մասնակիցներից բաղկացած խումբը:

Քննարկվեցին Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչների, մասնավորապես Ազգային կեդրոնական վարժարանի սաների Հայաստան այցելություններն առավել հաճախակի դարձնելու հետ կապված հարցեր:

Scroll Up