Ախալցխայի հայերը նախակրթարանի կարիք ունեն

Մեկ ամիս առաջ Ախալցխայի քաղաքապետարան դիմում էր ներկայացվել, որի համաձայն՝ Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնը, Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միությունը, Ախալցխայի հայկական թիվ 3 հանրային դպրոցը եւ Ախալցխայի Հայ Առաքելական Եկեղեցին ցանկանում են, որ քաղաքի հայկական դպրոցում նախակրթարան ձեւավորվի, ինչի կարիքը քաղաքում խիստ զգացվում է:

Նամակի սկզբում հիմնականում խոսվում էր այն մասին, թե ինչ ավանդ են ունեցել հայերը Ախալցխա քաղաքի կայացման եւ զարգացման, հայ-վրացական միջմշակութային կապերի խորացման եւ բարեկամության ամրապնդման գործում:

Նամակի հաջորդ մասում դիմորդները տեղական իշխանության ուշադրությունն են հրավիրել այն փաստի վրա, որ Ախալցխայի հայերը նախակրթարանի կարիք ունեն, որպեսզի մանուկները այնտեղ ստանալով հայոց լեզվի մասին որոշ գիտելիքներ՝ հեշտությամբ կարողանային հաճախել հայկական դպրոց, ինչը եւ նախկինում եղել էր տվյալ դպրոցի շենքում եւ փակվել էր նախկին իշխանության օրոք:

Նամակի վերջնամասում  դիմորդները պատրաստակամություն էին հայտնել իշխանություններից թույլտվություն ստանալու դեպքում գտնել հովանավորներ դպրոցի առաջին հարկի թափուր սենյակների վերանորոգման եւ կահավորման համար, ինչպես նաեւ, եթե իշխանությունները ի վիճակի չեն,  հոգալ  նախակրթարանի հետագա ֆինանսական կարիքները:

Նամակում նաեւ նշված էր, որ անհրաժեշտության դեպքում ԱՀԵԿ կենտրոնի, Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միության , Հայկական թիվ 3 հանրային դպրոցի եւ Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները պատրաստ են հանդիպել ու իշխանությունների հետ քննարկել բոլոր առաջացած հարցերը եւ տվյալ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել:

Պատասխան նամակը ստացվեց ընդամենը մի քանի օր առաջ՝ մայիսի 13 թվագրությամբ, որտեղ նախադպրոցական կրթական հաստատությունների տնօրեն Ն. Գելաշվիլին տեղեկացնում է դիմորդ կազմակերպություններին՝  թիվ 3 հայկական դպրոցի տնօրենին եւ Եկեղեցուն, որ Ախալցխայի շրջանում կա 15 մանկապարտեզ, որոնցից քաղաքի երկու մանկապարտեզներում գոյություն ունեն հայկական խմբակներ, եւ մեկ մանկապարտեզ կա Ախալցխայի շրջանի Պամաճ գյուղում, որը եւս հայալեզու է:

Ցավով պետք է հիշեցնենք նախադպրոցական կրթական հաստատությունների տնօրեն Ն. Գելաշվիլիին եւ տեղական իշխանության ներկայացուցիչներին,  ում եւ ներկայացվել էին դիմումները, որ դիմորդների նպատակը բոլորովին չի եղել տեղեկանալ այն մասին, թե Ախալցխայի շրջանի 15 մանկապարտեզներից ընդամենը 2-ում կա հայկական բաժին, այն դեպքում, երբ քաղաքի հայությունը բնակչության ընդհանուր թվի մոտ 40 տոկոսն է կազմում, այլ նամակի ներքո ստորոգրյալները նպատակ են ունեցել խնդրի ընկալման եւ լուծման, քանզի Եվրոպական արժեքները դավանել ձգտող Վրաստանում ազգային փոքրամասնությունները պետք է  ունենան նախակրթարան կամ մանկապարտեզ բացելու իրավունք՝  հենց պետական աջակցությամբ:

Հուսով ենք, որ Ախալցխայի տեղական իշխանությունները  նամակին կպատասխանեն ըստ էության, քանզի տվյալ պատասխանը չի բավարարում դիմումատուներին եւ ավելի շատ նման է խնդրով հետաքրքրված անտեղյակ անհատին տեղեկացնելուն՝ չպատասխանելով բարձրացված և ոչ մի հարցի:

Էդուարդ Այվազյան
Ախալցխա

http://javakhkmedia.com/

Scroll Up