Հոգևոր միջոցառում Իսպանիայի Կադիս քաղաքում

Մայիսի 3-ին Իսպանիայի Կադիս քաղաքում Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ, տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանի առաջնորդությամբ կազմակերպվեց համայնքային ուխտագնացություն դեպի Սանտա Մարիա դե Նազարենա եկեղեցի, որն այդ պատմական քաղաքում 17-րդ դարում կառուցել են այնտեղ բնակություն հաստատած  հայ վաճառականները: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Իսպանիայի տարբեր քաղաքներից և շրջաններից Կադիս էին ժամանել շուրջ 250 իսպանահայեր: Միջոցառմանը, որը հռչակված էր որպես Իսպանիայում կայանալիք` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների սկզբնական ձեռնարկ, մասնակցեցին նաև Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատարն ու հյուպատոսը: Միջնադարյան եկեղեցու սրահում, որի պատերին առկա են հայատառ գրառումներ, իսպանահայության հոգևոր առաջնորդ Տ. Սասուն վարդապետ Զմրուխտյանը և Մադրիդից ժամանած տեր Շնորհք աբեղա Սարգյանը կատարեցին սուրբ Պատարագ և հոգեհանգստի պաշտոն՝ ի հիշատակ Մեծ եղեռնի նահատակների:

Ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնության գիրը՝ ուղղված ուխտագնացներին:

Ելույթներով հանդես եկան Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը,  Կադիսի Առաջնորդարանի ավագ ներկայացուցիչ Սանտյագո Պոսադան և հոգևոր հայր Բալբինո Ռեգերան, որոնք հարգանքի տուրք մատուցեցին 17-րդ դարում Իսպանիայում հայ եկեղեցու և համայնքի հիմնադիրները հանդիսացած  բարերարներ  Դավիթ, Պողոս և Հակոբ Շաքարյան եղբայրներին:

Ուխտագնացությամբ անցկացված հոգևոր միջոցառմամբ սկիզբ են դրվում նաև Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

Scroll Up