Ազգագրագետ Գագիկ Գինոսյանը հյուրընկալվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/IMGP6239.jpg)
Ապրիլի 27-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ և հրավերով, Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հանդիպում ազգային գործիչ, պարուսույց, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի հետ: Հանդիպմանը ներկա էին կենտրոնի «Տարոն» երիտասարդական ազգագրական համույթի (պարուսույց՝ Նարինե Ղուշչյան) անդամները, թբիլիսահայ մտավորականության և արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:
Հանդիպումը բացեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը: Ներկայացնելով ճանաչված ազգային գործչին` նա խոսքը փոխանցեց պարոն Գինոսյանին:
Հայ ճանաչված ազգագրագետը խոսեց հայ մշակույթի, ազգային արժեքների, ժողովրդական երգի ու պարի առանձնահատկությունների մասին` խոսքը համեմելով ազգի երևելիների ասույթներով և հետաքրքիր մեջբերումներով: Գագիկ Գինոսյանը, արժևորելով ազգին պահող գլխավոր սյուները՝ հոգևորը, լեզուն և մշակույթը, հայեցի դաստիարակության հիմք անվանեց ազգային մշակույթը: Անդրադարձ կատարելով ազգագրական պարի նրբերանգներին, հոգու և մարմնի ներդաշնակությանը` պարուսույցը խոսեց պարի իմաստը ճիշտ ընկալելու, պարային դինամիկային տիրապետելու անհրաժեշտության մասին: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը պատասխանեց ներկաների հարցերին:
Այնուհետև Ճանաչված պարուսույցը պարարվեստի վարպետության ժամ անցկացրեց «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» երիտասարդական ազգագրական համույթի անդամների համար:
Վիրահայոց թեմի մամլո դիվան