Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Եգիպտոսում

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Կահիրեում մեկնարկեցին ապրիլի 23-ի երեկոյան Հուսաբեր ակումբում տեղի ունեցած ավանդական մոմավառության արարողությամբ և «Ցեղասպանության որբերը» ֆիլմի ցուցադրությամբ: Այնուհետև, որպես հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշ, Եգիպտահայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը ծառ տնկեցին ակումբի բակում։

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Սուրբ Պատարագ  մատուցվեց և հոգեհանգստյան արարողություն կատարվեց Կահիրեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ալեքսանդրիայի Սբ. Պողոս Պետրոս և Հելիոպոլիսի հայ կաթողիկե Սբ. Թերեզ եկեղեցիներում: Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և դեսպան Մելքոնյանը համայնքային կազմակերպությունների ղեկավարների և եգիպտահայ համայնքի բազմաթիվ անդամների ընկերակցությամբ ծաղկեպսակներ զետեղեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում գտնվող խաչքարին:

Նույն օրը եգիպտական «Ազատ եգիպտացիներ» ազդեցիկ քաղաքական կուսակցության կենտրոնակայանում տեղի ունեցավ սեմինար՝ նվիրված Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը՝ «Մենք հիշում ենք 1915 թվականը» վերտառությամբ: Սեմինարի հիմնական բանախոսներն էին կուսակցության գլխավոր քարտուղար Մահմուդ ալ-Ալալին, ցեղասպանագետ Մուհամմադ Ռեֆաթ ալ-Իմամը, միջազգային իրավունքի պրոֆեսոր Այման Սալաման և եգիպտահայ համայնքի ներկայացուցիչ Արմեն Մազլումյանը, որոնք հանգամանալից խոսեցին Հայոց ցեղասպանության իրողության, նրա միջազգային ճանաչման անհրաժեշտության և Թուրքիայի մերժողական քաղաքականության անընդունելիության մասին: Սեմինարի մասնակիցների համար ընթերցվեց ՀՀ դեսպանի ողջույնի խոսքը, որում շնորհակալություն էր հայտնվում «Ազատ եգիպտացիներ» կուսակցության ղեկավարությանը` նախօրեին Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությամբ հանդես գալու համար։  Սեմինարի ընթացքում, որին ներկա էին «Ազատ եգիպտացիներ» կուսակցության բազմաթիվ անդամներ, քաղաքական–հասարակական գործիչներ, լրագրողներ և եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ,  ցուցադրվեց նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված կարճատև տեսահոլովակ: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Scroll Up