Վառնայում Բուլղար Ուղղափառ Եկեղեցիների զանգերը ազդարարեցին Ցեղասպանության 99-րդ տարելիցի ոգեկոչման սկիզբը
Վառնայի հայ համայնքը մեծ շուքով նշեց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս ամիսներ առաջ:
Այս տարի առաջին անգամ համայնքի հոգևոր հովիվ Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի և հայ համայնքի ներկայացուցիչների խնդրանքով Վառնայի Բուլղար Ուղղափառ Եկեղեցու Մետրոպոլիպ Հովհաննես արքեպիսկոպոսը արտոնել էր, որ Վառնայի բոլոր բուլղար ուղղափառ եկեղեցիների զանգերը ապրիլի 24-ին ժամը 17:00-ին ղողանջեն՝ ի հիշատակ 1915 թ. ցեղասպանության անմեղ զոհերի: Այս զանգերին միացավ նաև Ս. Սարգիս հայկական եկեղեցու զանգերը, որից հետո եկեղեցու բակում Ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ սկսվեց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումը:
Հոգեհանգստից հետո հոգեշունչ խոսքով հանդես եկան Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը, Վառնայի Բուլղար Ուղղափառ Եկեղեցու Մետրոպոլիպ Հովհաննես արքեպիսկոպոսը, Հայկական կիրակնօրյա դպրոցի սաները և ուրիշներ:
Միջոցառմանը ներկա էին Բուլղարիայի Հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Անդրանիկ Շաքարյանը, Վառնայի քաղաքային ավագանու անդամներ, թաղապետեր և տարբեր բուլղարական կուսակցությունների ղեկավարներ: Ներկաները ծաղկեպսակներ դրեցին Ցեղասպանության հուշաքարի մոտ և քայլերթով շարժվեցին դեպի քաղաքապետարանի մոտ գտնվող Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, որտեղից էլ հայ երիտասարդները իրենց ավտոմեքենաներով ավտոերթ կազմակերտեցին մինչև Գալաթա՝ զորավար Անդրանիկ Օզանյանի արձանի մոտ:
«Կանթեղ Արարատյան»