Չի դադարում արարել

2014 թ.ապրիլի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի ժամանակակից պատմության կենտրոնական թանգարանում, բացվեց հայ անվանի նկարիչ Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը «Աշխարհն արդեն ստեղծված է Աստծո կողմից» խորագրով, որը շարունակվելու է մինչև մայիսի 11- ը:
Աշխարհի տասնյակ մայրաքաղաքներում ցուցահանդեսներ ունեցած նկարիչն այս ցուցահանդեսին պատրաստվել էր հիմնավորապես. Հայաստանից փոխադրվել էր նրա 100 աշխատանք : «Մեծ պատիվ է յուրաքանչյուր նկարչի համար բացել ցուցահանդես այսպիսի մեծ երկրում, ինչպիսին է Ռուսաստանը, որտեղ կա հարուստ մշակութային ժառանգություն, շատ տաղանդավոր նկարիչներ, գրողներ, դերասաններ, արվեստը գնահատող մարդիկ, որոնց առջև ներկայանալն իսկ արդեն մեծ պատիվ է»,-ասաց Փարավոն Միրզոյանն իր ելույթի սկզբում։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը, Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի ՀԱԵ թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս ներսիսյանը, ստեղծագործական և բիզնես էլիտայի շատ ներկայացուցիչներ։ Ներկա էր նաև Փարավոն Միրզոյանի առաջին ուսուցիչ, Սովետական Միության ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանը, ում մասին մեծ սիրով ու հպարտությամբ արտահայտվեց շնորհալի «աշակերտը»:
Փարավոն Միրզոյանը ՀՀ ազգային պատկերասրահի տնօրենն է, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ , ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Ֆրանսիական արվեստի և գրականության շքանշանակիր, Ֆրիտյոֆ Նանսենի Ոսկե մեդալակիր։
Ահա թե ինչպես բնութագրեց արվեստաբան Անուշ Հակոբյանը Փարավոն Միրզոյանի 35 տարիների ստեղծագործական ուղին.
«Աչք, զգացում, վարպետություն և սրանց միավորման ինքնուրույն դրսևորում»:
Ամալյա Իսայան,
Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, Մոսկվա