Բանաձևն ընդունվեց… Ինչու՞…

ԱՄՆ Սենատն իր պատմության մեջ առաջին անգամ ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մակարդակով: Սա կարող ենք աննախընթաց իրադարձություն համարել, քանզի Սենատը երբևէ չէր անդրադարձել ճանաչման ու դատապարտման խնդրին՝ հարցը գլխավորապես թողնելով Կոնգրեսի ծիրից ներս: Կատարվածը հուշում է, որ ԱՄՆ վարչակարգը կանգնած է նոր աշխարհաքաղաքական իրողությունների առջև, նոր հայեցակարգեր է առաջադրում մի շարք պետությունների հետ փոխհարաբերություններում: Մասնավորաբար՝ Թուրքիայի: Մեր այս եզրահանգումը կամ էլ դիտարկումն անհող չէ, քանզի ԱՄՆ-ում միշտ էլ Ցեղասպանությանն անդրադառնում են այն ժամանակ, երբ առաջանում են որոշակի խնդիրներ ու բարդություններ Թուրքիայի կամ նրա իշխող վերնախավի հետ ունեցած հարաբերություններում: Այսինքն, շատ հաճախ ԱՄՆ վարչակարգերը մեծ քաղաքականության մեջ Ցեղասպանության խնդիրը որպես շարժառիթ կամ ինտրիգ են դիտարկում՝ այսպես հերթական «ապտակները» նախապատրաստելով գործընկերոջ համար…

Բնականաբար, անկախ շարժառիթներից և այն ենթատեքստերից, որոնք դրվում են ճանաչման գործընթացների սահմանների մեջ, ամեն ինչ ձեռնտու է մեզ, որովհետև հերթական անգամ բարձրաձայնվում է 20-րդ դարի մեծագույն ողբերգության մասին, հերթական անգամ անառարկելի ու անսակարկելի է դառնում պատմական ճշմարտությունը, որը ժամանակ առ ժամանակ թուրքական քաղաքական շրջանակներն ու պատմագիտությունը ջանում են հերքել կամ կոծկել: Պատմության ճշմարտության հերքումը նույնքան ոճրագործություն է, որքան՝ Ցեղասպանությունը: Հետևաբար, այժմ մի նոր բարենպաստ պահ է ստեղծվել մեզ համար՝ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը հանրահռչակելու և այն միջոց դարձնելու՝ հերթական անգամ Թուրքիային կանգնեցնելու սեփական պատմության առջև՝ մեկ անգամ ևս պարտադրելով ընդունել ու դատապարտել Մեծ եղեռնը…

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը համընկնում է Ցեղասպանության 99-րդ տարելիցին: Այսինքն, Ապրիլ 24-ից առաջ, երբ ընդամենը մեկ տարի է մնացել Ոգեկոչումի ու դատապարտումի 100-ամյակին, Սենատի հանձնաժողովն անդրադարձ է կատարում խնդրին ու իր վճռական խոսքը հնչեցնում: Արտաքուստ  ամեն ինչ մտնում է տրամաբանության մեջ, անգամ միամտություն կհամարվեր կասկածել որոշման ազնիվ դրդապատճառների վրա: Սակայն հենց արտաքին շերտն էլ իր մեջ է պարփակում բազմաթիվ ենթահիմքեր, որոնք դուրս են Ցեղասպանության խնդրից և առավելապես մերձենում են Ռեջեփ Էրդողանի հանդեպ ձևավորված ամերիկյան վերաբերմունքին: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ինչպես Արևմուտքում, այնպես էլ Թուրքիայում այսօր սկիզբ է առել հակաէրդողանյան շարժումը, որը գլխավորում է Գյուլենը՝ զորակցություն ունենալով Արևմուտքից և մասնավորաբար Միացյալ Նահանգներից և նախագահ Օբամայից: Ինչպես ենթադրվում էր, արաբական գարնան արձագանքները չէին լռելու, չէին սահմանափակվելու Սիրիայում, որն այսօր դարձել է համաշխարհային քաղաքականության, երկբևեռ աշխարհի բախումների թատերաբեմ: Արևմուտքն իր առջև խնդիր է դրել հեռացնել արևելյան բռնակալներին, այսպես կոչված՝ ժողովրդավարության հակառակորդներին, երբեմն այս շարժումը սոսկ ծխածածկույթ դիտարկելով, և հաստատել իր գերակայությունը: Եգիպտոսում, Իրաքում, Լիբիայում, ապա արդեն Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո ծրագրվում էր անցում կատարել դեպի Թուրքիան, մասնավորաբար դեպի Էրդողանը և նրան ասպարեզից հեռացնելով՝ հաստատել ժողովրդավարական նոր արժեքների ներհոսքը: Ուստի, գյուլենական շարժման աջակցությունն ամբողջապես արևմտյան «նախագիծ» է, որը գործում է արևմտյան թելադրանքներով և հուշումներով: Նրա հայտնությամբ Թուրքիայում օրավուր մեծացող բողոքի դրսևորումներով խաթարվում է Էրդողանի հեղինակությունը, Էրդողանի և նրա կողմնակիցների ջանքերով խորքային պետության ավերումը դառնում է բուն քննարկումների և դիմակայության առանցք: Պատահական չէ, որ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին, խոսել այն մասին, որ շարժումը ձգտում է ստեղծել «զուգահեռ պետություն» , որի նախադրյալներն արդեն հաստատվել են Ադրբեջանում: Այսինքն՝ ԱՄՆ վարչակարգն օգտագործում է նաև գյուլենական շարժումը՝ Էրդողանին ծնկի բերելու և նրան իր կամքը թելադրելու համար:

Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումն էլ կյանքի է կոչվել այս համատեքստում: Եվ ոչ միայն այս: Եթե այս բանաձևով ցանկացած պահի Օբաման կարող է շանտաժի ենթարկել Էրդողանին և պարտադրել շարժվել իր կամքով, ապա բանաձևը նաև փրկամիջոց է ԱՄՆ-ի համար, որը շատ երկար ժամանակ, տարբեր մեքենայությունների դիմելով, չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: 100-ամյակի նախաշեմին նախագահ Օբաման կամենում է առաջինը Թուրքիային պարտադրել ճանաչել ու դատապարտել՝ այսպիսով փրկելով իր վարկանիշը: Իսկ Էրդողանը ստեղծված իրավիճակում ցանկացած քայլի կգնա, միայն թե շարունակի պաշտոնավարել և իր համակիրների հետ ձևավորել «արտաքին պետության» մանրակերտը:

Կարող ենք եզրակացնել, որ բանաձևը հանդիսանում է մի նոր խաղաթուղթ հզորների ձեռքին, սակայն ծնունդ է առել այն ճիշտ ժամանակին և մեզ համար՝ անհրաժեշտաբար: Ուրեմն, իսկապես ժամանակն է մեծ տերությունների խաղերից օգտվել և առաջ տանել մեր գերխնդիրը, բանաձևը դարձնել հզոր հենարան և նրա շուրջ համախմբել ԱՄՆ բոլոր առաջադեմ ուժերին: Փոքր ժողովուրդները միշտ էլ հաջողությունների են հասել այն ժամանակ, երբ կարողացել են օգտվել գերտերությունների մեծ խաղերից: Հիմա այդ խաղը կարծես թե մեզ սկուտեղի վրա մատուցվում է…

Լևոն Մութաֆյան

Scroll Up