Ռումինահայերն ու սիրիացիները Բուխարեստում բողոքի ցույց են կազմակերպել Քեսաբի հարցում Թուրքիայի քայլերի դեմ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/Untitled43.jpg)
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ապրիլի 9-ին մի շարք ռումինահայեր Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ցույց են կազմակերպել օրեր առաջ հայաշատ Քեսաբ քաղաքի վրա կատարված հարձակման ժամանակ Թուրքիայի ակտիվ օժանդակության և մասնակցության դեմ: Բողոքի ցույցը կազմակերպել էր Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ.Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:
Ցույցին մասնակցել են Բուխարեստից Տ.Եզրաս քահանա Բոգդանը, Պիտեշտ քաղաքի հոգևոր հովիվ Տ.Հեթում քհն. Թարվերդյանը, Ղպտի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ և Ռումինիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Պաուլ Բոգդանը: Մասնակիցների թվում էին մի շարք սիրիացիներ, ովքեր իրենց բողոքը արտահայտեցին հայերի հետ միասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնակիցները կրում էին Սիրիայի և Հայաստանի ազգային դրոշները: Միաժամանակ նրանք պաստառներ էին պարզել, որոնց վրա գրված էին «Փրկենք Քեսաբը», «Վե´րջ տվեք Ցեղասպանությանը», «Թո´ւրքիա, վե´րջ տուր Սիրիայում անմեղ քաղաքացիների կոտորածին» և այլ նմանատիպ կոչեր:
Ակցիայի ողջ ընթացքում ոստիկանությունն ապահովեց ներկաների անվտանգությունը: Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդն իր ելույթում նշեց, որ Ռումինիայի հայ համայնքը անմասն չէ Քեսաբի մեր հայրենակիցների դժբախտությունից և ամեն հնարավորը անելու է, որպեսզի վերջ դրվի այդ բռնություններին:
Մանրամասները՝ armenpress.am կայքում: