Վիրահայոց թեմը հարգեց ապրիլի 9-ի զոհերի հիշատակը
Ապրիլի 9-ին Թբիլիսիի Հավլաբար թաղամասում՝ Սբ.Էջմիածին եկեղեցուն կից տարածքում, Վիրահայոց թեմի հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների կողմից ծաղիկներ դրվեցին 1989 թվականի ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին հայ ժողովրդի կողմից կանգնեցված խաչքարին: Վրաստանի անկախության համար զոհված խաղաղ ցույցի մասնակիցների հոգու խաղաղության համար Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն: Հավարտ արարողության Թեմակալ առաջնորդը խոսեց հայ-վրացական դարավոր բարեկամության և թե´ ցավի, թե´ ուրախության ժամին միմյանց կողքին լինելու երկու քրիստոնյա ազգերի բարի կամքի մասին:
Այնուհետև թեմի և «Հայարտուն» կենտրոնի ներկայացուցիչները այցելեցին 25 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության վայրը և թեմի անունից ծաղկեպսակ դրեցին Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Ռուսթավելի պողոտայի վրա կանգնեցված Ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին:
Վիրահայոց թեմի մամլո դիվան