Դեսպան Մարգարյանը հանդիպումներ ունեցավ ԱՄՆ խորհրդարանականների հետ

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հետ:

Դեսպան Մարգարյանը և Կոնգրեսի հանձնաժողովի նախագահը մտքեր փոխանակեցին հայ-ամերիկյան հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, Ներկայացուցիչների պալատում համագործակցության և այլ հարցերի շուրջ:

Դեսպան Մարգարյանը բարձր գնահատեց կոնգրեսականի հետևողական կեցվածքը Հայաստանին և հայ ժողովրդին հուզող հարցերում:

Կոնգրեսական Ռոյսը հավաստիացրեց,  որ այսուհետ ևս շարունակելու է իր սկզբունքային դիրքորոշումը:

Նույն օրը դեսպան Մարգարյանը հանդիպում ունեցավ նաև ԱՄՆ Սենատի անդամ Մարկ Կիրկի հետ:

Զրուցակիցները քննարկեցին հայ-ամերիկյան հարաբերությունների և Սենատում համագործակցության հետագա հնարավորությունների հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրին  ՀՀ ԱԳՆ  մամլո գրասենյակից:

Scroll Up