Գրքի շնորհանդես Նյու Յորքում
Փետրվարի 27-ին Նյու Յորքի ՀԲԸՄ-ի կենտրոնատեղիում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո կայացավ Աննա Աստվածատուրյան-Թըրքոթթի գրքի շնորհանդեսը:
«Ոչ մի տեղ. աքսորի մի պատմություն» վերնագրով գրքում արտացոլված է հեղինակի անձնական պատմությունն ու հուշերը` Բաքվի հայության դեմ իրականացված ոճրագործությունների վերաբերյալ: Որպես դեռահաս աղջիկ` Աննան ականատես է լինում ողբերգական սարսափելի իրադարձությունների, իր ընտանիքի հետ միասին մազապուրծ փախչում Ադրբեջանից, դառնում փախստական և ստիպված լինում ԱՄՆ-ում ամեն ինչ սկսել նորից: Հեղինակը պատմում է վերապրածների ու համայն հայության վրա այդ ոճրագործությունների պատճառած ծանր հետևանքների մասին:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, բարձր գնահատելով հեղինակի յուրօրինակ աշխատությունը և կարևորելով ԱՄՆ հասարակական կարծիքի իրազեկմանն ուղղված՝ հեղինակի շարունակական ջանքերը, նշեց, որ ամենամյա ոգեկոչման արարողություններն առիթներ են հանդիսանում ի մի բերելու համահայկական ներուժն ու կարողությունները` Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» և կեղծ քարոզչության դեմ արդյունավետ ու նպատակաուղղված պայքար տանելու համար:
Միջոցառմանը ներկա էին համայնքային տարբեր կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ, ամերիկահայ երիտասարդներ և օտարերկրացիներ: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից: