Ցեղասպանության ժառանգներին քաղաքացիություն տալու օրինագիծ է ներկայացվել Թուրքիայի խորհրդարան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/02/196501.jpg)
Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության ասորի պատգամավոր Էրոլ Դոռան Թուրքիայի քաղաքացիության մասին օրենքում փոփոխություն կատարելու առաջարկով օրենսդրական փոփոխության նախագիծ է ներկայացրել երկրի խորհրդարան։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ ասորի պատգամավոր Էրոլ Դոռայի ներկայացրած օրինագիծը նախատեսում է քաղաքացիություն տալ 1915-ին, այն ժամանակվա կառավարության պաշտոնական հրապարակման հիման վրա իրականացրած տեղահանությունից հետո տարբեր պատճառներով քաղաքացիությունից զրկվածների ժառանգներին։
Էրոլ Դոռան ներկայացված օրինագծում պարզաբանել է, թե 1915-ից հետո տարբեր պատճառներով Թուրքիայի քաղաքացիությունից զրկված անձանց ժառանգներն ինչ պետք է ներկայացնեն Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար՝ շեշտելով ցանկը. այն ժամանակաշրջանի անձնագրեր կամ անձը հաստատող փաստաթղթեր, եկեղեցու գրանցամատյանները, ազգային փոքրամասնությունների հիմնադրամների գրանցումները, նախկինում ապրած վայրերի մասին բանավոր պատմություններ, օսմանյան փաստաթղթերում անցնող անուններ, զինվորական գրանցումներ, նավի կամ այլ փոխադրամիջոցի տոմսեր, ամուսնության վկայականներ եւ Թուրքիայից այլ երկիր գաղթելու մասին տեղեկանք այդ երկրից։
Էրոլ Դոռան նշել է, թե հայ հայտնի արվեստի գործիչներ Վիլյամ Սարոյանը, Արամ Տիգրանը շատ էին ցանկանում թաղվել իրենց պապերի հողերում, սակայն նրանց նույնիսկ դա թույլ չտվեցին՝ շեշտելով, թե նոր օրինագծով ինչ-որ չափով կշտկվեն նման սխալները։