Թուրքիայում հայ կինը քաղաքապետի թեկնածու է առաջադրվել

Թուրքիայում նոր կազմավորված «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» Ստամբուլի Բաքըրքյոյի քաղաքապետի թեկնածու է առաջադրել ազգությամբ հայ Նվարդ Բաքըրջըօղլուին։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում Նվարդ Բաքըրջըօղլուն պատմել է, որ ինքը ոգեւորությամբ հետեւում էր նորաստեղծ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» աշխատանքներին, որում ներգրավված էին նաեւ հայ գործիչներ։ «Այնուհետ ինձ այդ կուսակցությունից առաջարկեցին Բաքըրքյոյի քաղաքապետի թեկնածու լինել, որին ես դրական պատասխանեցի։ Շատ կարեւոր է ապրել հավասարության եւ խաղաղության մեջ»,-ասել է Նվարդ Բաքըրջըօղլուն։

Իր մասին Նվարդ Բաքըրջըօղլուն պատմել է, որ ծնվել է 1974-ին Ադըյամանում, իսկ մանկությունն անցկացրել է Իսքենդերունում։ «Վերջին 15 տարին ապրում ենք Ստամբուլի Բաքըրքյոյում։ Պապս եղել  բռնի մահմեդականացված հայ։ Երբ սկսեց լույս տեսնել «Ակոս»-ը, սկսվեց մեր ինքնության վերադարձի գործընթացը։  Հայերեն չգիտեինք եւ դժվարությամբ էինք մյուս հայերին մեզ ներկայացնում»,-պատմել է Նվարդ Բաքըրջըօղլուն։

NEWS.am

Scroll Up