Ստամբուլում վերսկսվել եւ հետաձգվել է Դինքի սպանության գործով նիստը

Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում փետրվարի 12-ին նախատեսված` «Ակօսի» հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարության չորրորդ նիստը հետաձգվել է մինչեւ ապրիլի 18-ը: Այս մասին հաղորդում է թուրքական Radikal-ը:

Մինչև դատական նիստի մեկնարկը «Հրանտ Դինքի ընկերներն» արդարության պահանջով հավաքվել էին Չաղլայանի արդարադատության պալատի առջեւ: «Ակօս»թերթի աշխատակից Կարին Քարաքաշլըն «Հրանտ Դինքի ընկերների» անունից հայտարարել է, որ եթե Դինքի սպանությունը չբացահայտվի, պետությունը չի կարող օրինականություն ունենալ: Քարաքաշլըն հայտարարել է, որ Դինքի սպանությունը «թուրքական պետության մեջ ձեւավորված ավանդույթի շարունակությունն է»: Ըստ նրա` այս դատավարությունը կարող է բացահայտել Թուրքիայի ոչ վաղ անցյալի պատմության «բոլոր կեղտոտ խաղերը»: Նա հայտարարել է, որ եթե Դինքի գործով արդար հանգուցալուծում չլինի, իրենք «շարունակելու են պայքարը մինչեւ վերջ»:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին: Հինգ տարի ընթացող դատավարությունից հետո` 2012թ. հունվարի 17-ին, հրապարակվեց դատավճիռը: Որոշման համաձայն` թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթն ավելի վաղ դատապարտվել էր 21 տարի 6 ամիս ազատազրկման՝ կանխամտածված սպանության համար:

2013թ. հունվարին Թուրքիայի հանրապետական դատախազությունը, սակայն, չեղյալ հայտարարեց Դինքի գործով դատավճիռը: Օրերս փոխվել է Դինքի գործով դատախազը։ Նախորդը պաշտոնազրկվել էր` այդ երկրում ծայր առած կառավարույթուն-արդարադատության համակարգ հակասությունների արդյունքում։

http://www.yerkirmedia.am/

Scroll Up